5 կուսակցություն հայտարարություն է տարածել, որով  Հանրապետության նախագահից պահանջում են ստորագրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ինչպես նաեւ, որ Ազգային ժողովը հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունի Ընտրական օրենսգրքի ընտրական բարեփոխումների մնացած հատվածն՝ ապահովելու ընտրությունների անցկացումը առավել քաղաքական մրցակցության մթնոլորտում:

«2021 թվականի ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է վերացնել «ռեյտինգային» ընտրակարգը եւ գալիք արտահերթ ընտրություններն անցկացնել սովորական համամասնական ընտրակարգով:

Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս, ունենալով բազում տարաձայնություններ, համակարծիք ենք, որ «ռեյտինգային» ընտրակարգը աղավաղում էր ընտրությունների քաղաքական մրցակցության տրամաբանությունը, եւ այդ ընտրակարգից հրաժարումը բխում է հանրային կարծիքից ու հանրային շահից: Այս հարցը, թերեւս, վերջին տարիներին ամենաշատը քննարկված օրենսդրական փոփոխություններից մեկն է:

Ավելին, հարկ ենք համարում արձանագրել, որ «ռեյտինգային» ընտրակարգը նաեւ շեղվում էր Սահմանադրությամբ ամրագրված համամասնական ընտրակարգի տրամաբանությունից, ինչը արձանագրել են թե՜ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի բազմաթիվ դերակատարներ, թե՜ փորձագետներ եւ թե՜ Վենետիկի հանձնաժողովը՝ դեռեւս սկսված 2016 թվականից:

Թեեւ ներքոստորագրյալ կուսակցություններն ունեն տարբեր կարծիքներ կապված ընտրությունների կազմակերպման հետ, սակայն փաստում ենք, որ այս փոփոխությունը դրական կանդրադառնա ընտրությունների որակի վրա: Միաժամանակ, համարում ենք, որ մարտ ամսին շրջանառված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում առկա են մի շարք այլ կարեւորագույն առաջարկներ, որոնց ընդունումը եւս կխթանի առաջիկա ընտրությունների ժամանակ մրցակցության քաղաքական բաղադրիչի աճը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ համարում ենք, որ

1. Հանրապետության նախագահը պետք է օր առաջ ստորագրի ապրիլի 1-ին խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը՝ որպես Սահմանադրությամբ ամրագրված ընտրակարգի վերականգնում,

2. Ազգային ժողովը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է ընդունի Ընտրական օրենսգրքի ընտրական բարեփոխումների մնացած հատվածը (այդ թվում՝ ընտրական հանցագործությունների խստացումը)՝ ապահովելու ընտրությունների անցկացումը առավել քաղաքական մրցակցության մթնոլորտում»։

Այս հայտարարությունը ստորագրել են հետեւյալ քաղաքական ուժերը․

«Արդար Հայաստան» կուսակցություն

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Հանուն Հանրապետության» կուսակցություն

Միավորված Աշխատանքային կուսակցություն