Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցում մի շատ կարևոր պահ կար, որը, ցավոք, շատ քչերը փորձեցին ճիշտ ընկալել։ Խոսքն անցյալի հետ համերաշխ գտնվելու նրա թեզի մասին էր։ Մինասյանի այս միտքը հիմնականում աղավաղվեց (վստահ եմ՝ հատուկ) ու կոնտեքստից դուրս մեկնաբանվեց, ինչը, կարծում եմ, մտածող մարդկանց համար ավելի համոզիչ պիտի դարձներ Մինասյանի այն մտահոգությունը, որ Հայաստանում չի կարողանում «գտնել թիմ, որի գործողությունները և որի ռազմավարությունը միտված չեն անցյալը շտկելուն»։

Հարցն իրականում շատ նուրբ է, ինչից էլ օգտվեցին այն շահարկողները։ Իհարկե, չես վիճի այն մտքի հետ, որ անցյալից դասեր չքաղելը, առավել ևս՝ այն մոռանալը, կործանարար է ցանկացած ժողովրդի և պետության համար։ Նույնը կարող ենք և պետք է ասենք նաև անցյալի սխալները շտկելու մասին։ Որևէ մեկը չէր ասել, թե դա հնարավոր չէ ու պետք չէ անել։ Մինասյանն ընդամենը ասաց, որ անցյալը չես շտկի։ Եվ դա, կարծում եմ, չափազանց ակնհայտ ու տրամանաբանական դատողություն է։

Բայց հարցը նույնիսկ այդ չէ։ Ի՞նչ եք կարծում, երբ Միքայել Մինասյանը, կամ ցանկացած ուրիշ մեկը, ասում է, որ ինքը քարոզում է անցյալի հետ համերաշխություն, ի՞նչ նկատի ունի։ Ապրել անցյալո՞վ։ Իհարկե ոչ։ Խոսքը նման դեպքերում միմիայն ու բացառապես ապագայի մասն է լինում։ Եվ Մինասկանն էլ էր ապագայի մասին խոսում։ Միթե՞ սա պարզ չէր։ Եվ ուրեմն ինչու՞ էր պետք նորից անցյալի թեման մեջ տեղ բերել։ Որպեսզի ապացուցեիք, որ Մինասյանը ճի՞շտ է, երբ ասում է, որ հանրությանն առաջարկվում է ընտրություն անցյալի ու էլ ավելի անցյալի միջև։ Էհ, գիտենք, որ ճիշտ է ասում, լրացուցիչ ապացույցների կարիք չկար։