44-օրյա պատերազմում երկու որդիներին կորցրած Արթուր Թեւոսյանը պահանջում է պարզել նրանց զոհվելու պատճառները։ Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում Արթուր Թեւոսյանը պատմեց, որ իր որդիներին 73 այլ զինվորի հետ, հոկտեմբերի 11–ին,  դիրքերից իջեցրել են ու տարել Հադրութի ուղղությամբ, որտեղ էլ նրանք զոհվել են։

«Դրանից հետո ոչ մի տեղեկություն չունենք նրանց մասին, մի քանի ամիս էր մեզ խաբում էին, որ նրանք ապահով վայրում են, բայց հետո ԴՆԹ հանձնեցինք եւ տղաներիս մարմինները գտանք. նրանց  հուղարկավորել ենք Եռաբլուրում։ Իրենց հրամանատարների հետ կապ եմ հաստատել, որ գան, բացատրության տան, թե ինչ հանգամանքներում են զոհվել որդիներս, բայց ապարդյուն»,–  ասաց պարոն Թեւոսյանը։

Դեպքի առթիվ Քննչականմ կոմիտեում քրեական գործ է հարուցվել, սակայն  գործի ընթացքից դժգոհ է Արթուր Թեւոսյանը։ Նա երկու անգամ եղել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, բայց ինչպես ինքը պնդեց՝  գործն առաջ չի գնում։ Արթուր Թեւոսյանը պահանջում է նաեւ, որ գործի քննվի ԱԱԾ–ում։

Նրա որդիները ժամկետային զինծառայողներ էին. 19 եւ 21 տարեկաններ։