Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի և Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ այս պահին տեղի է ունենում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ առցանց կոնֆերանս: Կոնֆերանսին խոսքով հանդես է եկել նաև Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պարոն Ֆուրլասին հայ ռազմագերիների վերաբերյալ այս կոնֆերանսը կազմակերպելու համար:

Հուսով ենք՝ այս կոնֆերանսը կօգնի միջազգային կառույցների միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա հայ ռազմագերիների հարցով: Որպես հասարակական-քաղաքական կազմակերպություն, մենք նամակներ ենք ստանում ռազմագերիների հարազատներից` օգնության խնդրանքով:

Ադրբեջանը դժվարություններ է ստեղծում Կարմիր Խաչի աշխատանքների համար:

ԵՄ մի շարք երկրների խորհրդարաններ բանաձևեր են ընդունել` պահանջելով Ադրբեջանից անմիջապես ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Միևնույն ժամանակ, ամոթալի է տեսնել, թե ինչպես են ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ աչք փակում Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի ու դրա արարքների նկատմամբ: Եվրոպան կարող է ավելին անել, և մենք հուսով ենք, որ Եվրախորհրդարանը կհայտնի իր տեսակետը հայ ռազմագերիների վերաբերյալ»,-իր խոսքում նշել է Էվինյանը»։