Ինչպես 33 տարի առաջ շատերն էին անիմաստ վանկարկում «Ղարաբաղ»-«Լենին-պարտիա-Գորբաչով» ու ոչինչ չէին հասկանում ազգային կարեւորագույն խնդիրներից՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԻՑ, այդպէս էլ այսօր շատերն են բարբաջում ժողովրդավարությունից առանց հասկանալու, որ դա ինքնորոշման հոմանիշն է եւ նշանակում է, որ ազգին վերաբերող խնդիրների վերաբերյալ առաջնահերթ կարեւորություն ունի քաղաքացիների իշխանության՝ երկրի, տերը լինելու դրոյթի առարկայական ամրագրումը։ Որպես կանոն դա արվում է ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ։

Հայտարարությունում նաեւ նշվում է. «Երկու ամիս առաջ՝ փետրվարի 9-ին ՀՀ 7 կուսակցություններ հանրագիր եւ նրան կից սահմանադրության նախագիծ փոխանցեցին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին (ՍԲՄՅ) եւ Արդարադատության նախարարին։ Պետական կառույցների սահմանադրորեն ամրագրված պարտականությունն է ողջամիտ ժամանակամիջոցում պատասխանել հանրագրերին։ Օրենքն այդ նպատակի համար հատկացնում է մեկ ամիս եւ բացառիկ դեպքերում առավելագույնը 2 ամիս։

Արդեն ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները խախտել են ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ (ՀՀ Սահմանադրություն, Հոդուած 53) եւ ՀՀ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ (Հոդ․10) պահանջը, ինչը նշանակում է՝ չեն կատարել իրենց պարտականություններն ու արհամարհական վերաբերմունք են դրսեւորել ՀՀ հայտնի 7 քաղաքական ուժերի, ինչպես նաեւ նրանց հետեւորդների նկատմամբ։ Սա ոչ միայն կամայականության ու պարտականությունների նկատմամբ քամահրական դրսեւորում է, այլեւ անգործության ձեւով արտայայտված ՕՐԻՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ։

Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս արձանագրում ենք, որ ՀՀ վարչապետի սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը (12 Փետրվարի 2020, 181 – Ա)  ԼԻՈՎԻՆ ՁԱԽՈՂՎԱԾ Է, ինչպես ձախողված են մեր պետության համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ այլ նախաձեռնություններ: Մենք ազդարարում ենք, որ ՀՀ կառավարությունը սահմանադրորեն իրեն վերապահված պարտականությունները չկատարելու իր կեցվածքով ինքն իրեն դնում է հրաժարական տվածի կարգավիճակում։

Համոզված ենք որ ՀՀ բոլոր քաղաքական եւ հանրային կառույցները, ՀՀ քաղաքացիները մեր ներկայացրած Սահմանադրության նախագծի բովանդակության նկատմամբ իրենց ունեցած վերաբերմունքից անկախ համամիտ են մեզ հետ եւ կաջակցեն այս հիվանդագին երեւույթը Հայաստանում արմատախիլ անելու մեր ջանքերին։

ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ  /«Ազգային ինքնորոշում» միավորում

ԱԼԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ /Եվրոպական կուսակցություն

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն

ԳԱՌՆԻԿ  ՄԱՐԳԱՐՅԱՆ  /«Հայրենիք եւ պատիվ» կուսակցություն

ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ  /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն