ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսում ներկայացրեց «AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութերի համար նախատեսված քաղաքացիների խմբերը:

Այսպես, «AstraZeneca» պատվաստանույթի կիրառման ցուցումներում փոփոխություններ են եղել, ըստ այդմ՝ կիրառվել է տարիքային սահմանափակում:

Դրանով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները:

Sputnik V-ի դեպքում, նախարարի խոսքով, այդօրինակ սահմանափակումներ չկան, բայց Հայաստանում խմբաքանակն է սահմանափակ:

«Հետևաբար այդ պատվաստանյութով կպատվաստվեն 18-54 տարեկան բուժաշխատողները, մինչև 54 տարեկան քրոնիկ հիվանդները, մինչև 55 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչները և աշխատակցիները:

Ցուցումները կվերանայվեն ժամանակի ընթացքում՝ «Sputnik V» նոր խմբաքանակների դեպքում», — նշեց նախարարը:

Նա նաև ընդգծեց, որ բոլոր պատվաստանյութներն էլ հիմա գտնվում են 3-րց և 4-րդ կլինիկական հետազոտությունների փուլում:

«Հայաստանում թույլատրված է «Sputnik V»-ն կիրառել», — ասաց նա:

Նախարարի խոսքով՝ Հայաստանում նշաձող է սահմանվել կորոնավիրուսի դեմ պատվաստել մինչև 700 հազար քաղաքացու:

« «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստումները ապրիլի 13-ից կսկսվեն մայրաքաղաքում, ապրիլի 14-ից՝ մարզերում: Մի քանի օր անց էլ պատվաստումներ կիրականացվեն «Sputnik V»-ով», — ասաց նա: