ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը Սյունիքի մարզի մի շարք համայնքապետարաններում ուսումնասիրություններ էր նախաձեռնել։ Այս ուսումնասիրություններին նախորդեցին Սյունիքի մարզի մի շարք համայնքապետերի կողմից «Վերածնվող Հայաստան» ընդդիմադիր կուսակցությանն անդամագրվելուն։
Ուլիխանյանը Սյունիք էր գործուղվել վարչապետի հրամանով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2021 թվականի մարտի 29-ի 302-Ա որոշմամբ Հայաստանի ՊՎԾ ղեկավար Տիգրան Ուլիխանյանը 2021 թվականի մարտի 27-31-ը գործուղվել է Սյունիքի մարզ՝ Սիսիան, Գորիս, Մեղրի, Կապան՝ վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով:

Հետաքրքիրն այստեղ սակայն այն է, որ ՊՎԾ ղեկավարը կարող էր ուսումնասիրությունները նաև Երևանից ղեկավարել, քանի որ դրանց իրականացնելու պարտականությունները դրված են ՊՎԾ աշխատակիցների, սակայն ոչ ղեկավարի վրա։

Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Փաշինյանը Ուլիխանյանին հստակ առաջադրանքով է գործուղել Սյունիք՝ փաստեր հավաքել իր հրաժարականը պահանջած համայնքապետերի դեմ, որպեսզի դրանով կարողանան վերջիններիս պատժել։

ArmDaily.am-ը այս տեղեկությունների ճշմարտացիությունը պարզելու համար մի քանի օր շարունակ փորձեց կապ հաստատել ՊՎԾ-ի հետ, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։

ArmDaily.am-ի տեղեկություններով Ուլիխանյանը Սյունիք է ժամանել իր երկու տեղակալների հետ։ Մեր հավաստի տեղեկություններով, Ուլիխանյանը մի քանի օր հյուրանոցներում է մնացել ու հետո վերադարձել Երևան։

Կապ հաստատեցինք Սյունիքի մի շարք համայնքապետերի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես են անցել ուսումնասիրությունները և արդյոք նրանք հանդիպել են ՊՎԾ ղեկավարին։

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ՊՎԾ ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են։

«Մեզ դեռ առարկությունները պիտի մեզ ներկայացնեն՝ համաձայն ենք, համաձայն չենք, հետո մենք մեր առարկությունները պիտի ներկայացնենք։ Աշխատում ենք դեռ՝ չի վերջացել ուսումնասիրությունը»,-ասաց Զաքարյանը։

Մեղրիի քաղաքապետն ասաց նաև, որ ՊՎԾ ղեկավարի երկու տեղակալներ համակարգում էին աշխատանքը։ Մի տեղակալը համակարգել է Կապան-Մեղրի, մյուսը՝ Գորիս-Սիսիան աշխատանքները։

Նա նշեց, որ ՊՎԾ ղեկավարը Մեղրի չի այցելել, ինքն էլ Ուլիխանյանին չի հանդիպել։

ArmDaily.am-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը նշեց, որ Գորիս խոշորացված համայնքումուսումնասիրությունները ևս շարունակվում են։ Յոլյանը նշեց, որ Գորիսի համայնքապետը հայտարարել է, որ ինքը հետաքրքրված է, որպեսզի ՊՎԾ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրություն իրականացնի։

Կապանի քաղաքապետը ևս փաստեց, որ ՊՎԾ-ի աշխատանքները շարունակվում են։
«Մի շաբաթ առաջ են հետ գնացել։ 15 օր ուսումնասիրություններ են արել, մնացած 15 օրն էլ այդ ուսումնասիրության տվյալները պիտի վերամշակեն»,-ասաց Փարսյանը։
Կապանի քաղաքապետը հաստատեց, որ ՊՎԾ ղեկավարը եղել է Կապանում։
Սիսիանի քաղաքապետարանից էլ տեղեկացրին, որ ՊՎԾ ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են ու որևէ կնոկրետ բան ասել չեն կարող։

Հայկա Ալոյան