Ապրիլի 8-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Կենաց» գինու բարեգործական ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը տրամադրվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հավաքագրվել է 4,033,000 ՀՀ դրամ, որից 2․6 միլիոնը՝ աճուրդից, 1,433,000 դրամը՝ գինիների վաճառքից, համտեսից և նվիրաբերություններից։

Գինիների աճուրդն անց կացրեց Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում աճուրդի մասնակիցներին, բոլոր գինարտադրողներին, Կոնգրես հյուրանոցին, Պապանինո հաուսին, Հիմնադրամի դեսպան Ամալյա Ակոպովային, սոմելյե Վլադ Խաչատրյանին և բոլոր մյուս մասնակիցներին աջակցության համար։

Նկարչուհի Գոհար Սարգսյանի օգնությամբ հյուրերը գինով արվեստի գործեր արարեցին թղթի վրա։

Հաճելի միջավայրում գինի գնողներն իրենց ներդրումն ունեցան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նվիրաբերության ֆոնդում՝ միաժամանակ ձեռք բերելով այն շուկայականից ցածր արժեքով։ Հիմնադրամի մարքեթինգի բաժինը հայտարարեց, որ այսուհետ հաճախ են լինելու Հիմնադրամի կողմից կազմակերպված տարաբնույթ միջոցառումներ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդը համալրելու նպատակով։

Միջոցառումը կազմակերպիչներն անվանել էին «Կենաց», որը գրաբարի «կեանք» բառի սեռական հոլովն է՝ այս խորհրդանշական բառով ցանկանալով հարգանքի տուրք մատուցել բոլոր հերոսներին, նշելով որ պետք է ապրեցնենք, սիրենք մեր հայրենիքը՝ հանուն լուսավոր ու արի զոհված հերոսների կենաց (կյանքի) շարունակության։