Ծանրաձողը չբարձրացնելուց հետո Սիմոն Մարտիրոսյանն ասաց․ «Ոտքերս չէին պահում»։

Երեկվանից համացանցում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես 109 կգ քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդը երեք անգամ չկարողացավ բարձրացնել 227 կգ կշռող ծանրաձողը։ Դա այն դեպքում, երբ համաշխարհային բոլոր ռեկորդները այս քաշային կարգում պատկանում են աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հայ ծանրորդին։
Ո՞վ ճանաչեց, այո, Սիմոնն է՝ ծանրամարտի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր: Երեկ փոքր ոսկի բերեց Հայաստանին, պաճառը՝ պարամունքները թողած պատերազմում է եղել, ոչինչ, ախպերս, հետո միանգամից 3 ոսկին էլ կբերես: Հայրենասիրության մասին չեն գոռում կամ ֆբ նստած պատերազմ անում, այլ սա է հայրենասիրությունը, Սիմոնը, ողջ պատերազմի ընթացքում թողնելով պարամունքները, միացավ հայրենիքի պաշտպանությանը…, Արարատ Մելքոնյան ֆեյսբուքյան օգտատերն է գրել:

Պարզվում է՝ Սիմոնի անհաջողության պատճառը վնասվածքն էր, որը նա ստացել էր դեռ ամիսներ առաջ՝ Քարվաճառում, երբ օգնում էր փրկել հայկական խաչքարերը։ Ծանրորդի հետ տեղի ունեցած մասին Facebook-ի իր էջում պատմել է արշավական Միքայել Թոփուզյանը։

«Երբ բոլոր մարզիկները մարզվում ու պատրաստվում էին հերթական առաջնությանը, Սիմոնը կամավորական աշխատանքներ էր կատարում, երբ մի օր էր մնացել մերոնց Քարվաճառից դուրս գալու, չգիտես ինչի ձգձգվում էր էդ տարածքներից արժեքավոր խաչքարերի դուրս բերումը, արագ խումբ կազմվեց ու առաջիններից հենց ինքն էր՝ Սիմոնը, ու եթե ինքը չլիներ… Էնտեղ գտնվողները գիտեն՝ ինչ կլիներ, ու հենց էստեղ էլ եղավ վնասվածք…»,- գրում է Թոփուզյանը։

Թոփուզյանը նշում է՝ Սիմոն Մարտիրոսյանն այն մարզիկն է, «ում հետ մրցելուց վախենում են ու գիտեն, որ ընդամենը իրենից հետո կարող են արդյունքի հասնել…»։ Նա վստահ է՝ Սիմոնն այն ծանրորդն է, որը շուտով Օլիմպիական ոսկի է մեզ բերելու։

Թոփուզյանն իր էջում նաև մի քանի լուսանկարներ է հրապարակել, որոնցում Սիմոնը զինվորական համազգեստով է՝ հայրենիքի պաշտպանության դիրքերում։
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը երեկ Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի պոկում վարժության առաջին երկու մոտեցումներում Մարտիրոսյանը չբարձրացրեց 190կգ, այնուհետ երրորդում կարողացավ գլխավերևում պահեց 190 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա զրո ստացավ` երեք մոտեցմամբ չբարձրացնելով 227 կգ:
Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Աշխարհի (2018, 2019) և Եվրոպայի (2017, 2019) առաջնությունների կրկնակի չեմպիոն է: 109 կգ քաշային կարգում բոլոր ռեկորդները պատկանում են Մարտիրոսյանին: