ՀՀԿ ԵԿ անդամ Տաթև Թադևոսյանի համար անտրամաբանական է անհետ կորածների և գերիների հարազատների կողմից ՊՆ շենքը շրջափակելը:

«ՊՆ-ում ոչ ոք բանակցություններ չի վարում գերիների հարցի շուրջ, հետևաբար՝ սխալ է և անտրամաբանական այն շրջափակելը: Ավելի ճիշտ կլինի, որ այդ նույն ծնողները գնան և շրջափակեն կառավարության շենքը, կառավարական ամառանոցները, քանի որ գլխավոր բանակցողները հենց այդ շենքում են գտնվում: Ես արդեն եկել եմ այն համոզմունքին, որ մենք գործ ունենք դավաճան, կապիտուլյանտ իշխանության հետ, դա արդեն փակված թեմա է, դա բոլորս գիտակցում ենք, բայց ես զարմանում եմ ծնողների համբերության վրա: Հնարավոր է՝ ցավը նրանց կուրացրել է, բայց, այնուամենայնիվ, երբ գիտակցում են, որ իրենց երեխաներն այս պահին գտնվում են գերության մեջ, թե ինչ տանջանանքեր են տանում և ով է մեղավորը, և գնալ ՊՆ շենքը ուղղակի շրջափակել, իմ կարծիքով՝ անիմաստ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա խոսքով՝ մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ իշխանությունները փորձում են բնակչությանն ասել՝ գիտե՞ք՝ եթե Թուրքիայի հետ սահմանը բացենք, ձեթը 200 դրամով կգնեք. «Այսինքն՝ մեր ազգային արժեքները հավասարեցրել ենք նյութականի հետ, որն ուղղակի անընդունելի է»:

Հարցին՝ ամիսներ առաջ, երբ ժամկետային զինծառայողների ծնողներն էին նմանատիպ ակցիաներ իրականացնում, որ իրենց երեխաները չգնան Արցախում ծառայելու, ի վերջո, դա ավարտվեց նրանով, որ ՀՀ քաղաքացիները կամավորության հիմքով կարող են ծառայել Արցախում, այսինքն՝ Հայաստանից Արցախ զորակոչ չկա. հիմա անհետ կորածների և գերիների հարազատներ ներկայացողների ակցիաներն ինչո՞վ կարող են ավարտվել՝ տարածքներ՝ գերիների դիմա՞ց, նա պատասխանեց.

«Ես չեմ բացառում: Իսկ դուք հավատո՞ւմ էիք, որ Շուշին այլևս մերը չի լինելու. Իհարկե, չէինք հավատում: Այս պահին ես հավատում եմ, որ կարող են լինել տարածքներ, որոնց դիմաց մենք կստանանք մեր գերիներին, և կասեն՝ գիտե՞ք՝ ինչ, բա տարածքները չտայինք, ձեր տղաներին կվերադարձնեի՞նք, թե՞ ոչ: Ես ամեն ինչի հավատում եմ այս իշխանության օրոք»:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում վերադարձնել գերիներին. «Ես ուղղակի կասկածում եմ, որ անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանի և իր 88 ուսապարկերի ազգանունները վերջանում են յան-ով, նրանց երակներում հայի արյուն է հոսում: Ես պատահականությունների չեմ հավատում. երբ 2018թ. Սասուն Միքայելյանը հրապարակում կանգնեց և ասաց՝ հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախի հաղթանակը, երբ Աննա Հակոբյանն Ալիևային հրավիրեց Շուշի՝ թեյ խմելու և մուղամ լսելու, երբ Շուշին համարվեց ոչ հայկական և դժգույն ու դժբախտ քաղաք, ես այս օրվանից սկսեցի պատահականությունների չհավատալ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում