«Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի գործով արդեն 1 տարուց ավել է, ինչ քննություն չի կատարվում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Գեղամ Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանն ասաց՝ գործը ՀՔԾ-ի վարույթում է, սակայն որևէ գործողություն չի իրականացվում. «Նրան հորինովի սպանության մեջ մեղադրեցին, չեղած դեպք վերագրեցին։ Հիմա էլ հարցնում եմ՝ ինչու որևէ գործողություն չեն իրականացնում, բայց պատասխան չկա։ Նրանց գործելաոճն է»,-ասաց փաստաբանը։

Վերջինս նկատեց՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու նպատակն էր ցույց տալ, որ բացահայտում են Մարտի 1-ը, սպանությունները, այնինչ դա տևեց ընդամենը երկու ամիս. «Մարդու նկատմամբ սպանության հոդվածով մեղադրանք են առաջադրում, երկու ամիս կալանքի տակ պահում, որից հետո նախաքննություն չեն կատարում։ Գործը դրել են տակներն ու նստել»,-ասաց Վաղարշակ Գևորգյանը։

Հարցին՝ պատրաստվու՞մ է գործը կարճելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել, փաստաբանն ասաց, որ նպատակահարմար չի գտնում. «Ոնց մեղադրանքն ապօրինի ու անհիմն առաջադրել են, այդպես էլ իրենց աղբը պետք է մաքրեն։ Մենք ապացուցել ենք, որ նման դեպք տեղի չի ունեցել, իրենք էլ դա ընդունել են, ոչ պաշտոնապես, բայց հաստատապես համոզված են դրանում։ Իրենց հորինածն է, ուրիշ ո՞վ պետք է իմանա»,-նշեց փաստաբանը։

Նշենք, որ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ ըտրված խափանման միջոց ստորագրությունն այս ընթացքում չի փոփոխվել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը, սակայն օգոստոսի 4-ին Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, քանի որ լրացել էր կալանքի երկամսյա ժամկետը, իսկ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն, ժամկետը լրացնելու միջնորդություն չէր ներկայացրել։ Ինչպես տեսնում ենք մինչ օրս որևէ այլ քննչական գործողություն չի իրականացվել։