Շատ լուրջ հարցեր կան, որոնց պետք է աչալուրջ մոտենալ, իսկ այս իշխանությունը ռազմագերիների հարցում ունի այլ աշխատելաոճ, այդ աշխատանքի արդյունքները տեսնում ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի վերաբերյալ իշխանությունների երեկվա հայտարարություններին:

«Ռազմագերիների հարցը և այլ հարցեր պահանջում են վերին աստիճանի նրբանկատություն, որը այս իշխանությունը չունի, և նրանք այդ հարցերում մանիպուլատիվ տեխնոլոգիաներ են կիրառում, իսկ դա ցինիզմ է, ընդհանրապես իշխանության ցինիզմը ծնում է հասարակության մեջ իրավունքի հանդեպ մերժողականություն, ու ես գտնում եմ՝ դա ևս նպատակ է, որպեսզի ստեղծվի քաոսային իրավիճակ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա նաև նշեց՝ եթե չլիներ Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությունը, հասարակությունը երբեք չէր իմանա ճշմարտությունը ռազմագերիների վերադարձի մասին:

«Եթե չլիներ Մուրադովի հայտարարությունը մոռացեք, որ գործող իշխանությունը կասեր ճշմարտությունը, նրանք երբեք ճիշտ չեն ասում: Ես դեռ մեկ տարի առաջ հստակեցրել եմ իմ դիրքորոշումը՝ որևէ կերպ չեմ հավատում գործող իշխանությանը»,- նշեց նա:

Լարիսա Ալավերդյանը նաև ասաց՝ ստեղծված իրավիճակն ունի մեկ լուծում, իսկ գործող իշխանությունն իր հերթին պետք է բացառի արտահերթ ընտրություններին մասնակցությունը:

«Մենք պետք է արդար և ազնիվ լինենք, դա է միակ լուծումը, իսկ գործող իշխանությունը չպետք է գնա արտահերթ ընտրությունների, եթե գնան ընտրությունների, ապա հաստատում են՝ չեն ընդունում իրենց գործած որևէ սխալը և ստեղծված իրավիճակն ընկալում են որպես հաղթանակ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: