Ռոբերտ Քոչարյանը խաղում է Նիկոլ Փաշինյանի խաղը, նրանք երկուսն էլ նույն խաղն են խաղում։ Ավելին, ոչ միայն այդ երկուսը, նրանք չորսն էլ, ՀՀ նախկին բոլոր ղեկավարները նույն խաղն են խաղում, և կատարում են նույն առաջադրանքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Արցախի հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը, հավելելով, որ հիմնական թիրախը Մեղրին է։

Ըստ նրա՝ խաղը տեսանելի կլինի շուտով, քանզի դրա մեկնարկն արդեն տված է։

«Ես երկու շաբաթ առաջ եմ եղել Մեղրիում, Նախիջևանի կողմից սահմանն արդեն բացում են, լայնացնում են սահմանը երկաթգծի և տրանսպորտի համար, որպեսզի կառուցեն այդ միջանցքը, որը շատ վտանգավոր է։ Հայաստանը հայտնվելու է պարկի մեջ, իսկ այդ հարցը դեռ Քոչարյանի օրոք արծարծված հարց է»,- հայտարարել է Պավլիկ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ առանց գերիների դատարկ ինքնաթիռի ժամանումը դեռ առաջին ծիծեռնակներն են, առաջիկայում ավելի տխուր բաների ենք ականատես լինելու, մենք ազգովի գերի ենք դարձել էս պատուհասի ձեռքը։