Ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից երեկ տեղաշարժվել են և հետ գնացել: Այդ մասին Hetq-ին պատմել են Սոթքի հանքավայրի աշխատակիցները: Նրանք խնդրել են չհրապարակել իրենց անունները:

Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը նույնպես ասել է, որ լսել է այդ մասին, սակայն պաշտոնապես մեկնաբանել այդ լուրը չի կարող, քանի որ չի հասցրել համապատասխան մարմիններից ճշտել:

«Գեոպրոմայնինգ»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հաստատել է, որ նման տեղաշարժ երեկ իսկապես տեղի ունեցել է, սակայն ասել է, որ դա էական իրադարձություն չէ, քանի որ իրականացվել է երկկողմանի պայմանավորվածությունը. երկու կողմի զորքերը պետք է հետ քաշվեին, որպեսզի նրանց մեջտեղում ստեղծվեր բուֆերային գոտի: Հայկական կողմը դա անմիջապես էր իրականացրել, իսկ ադրբեջանական կողմը հապաղել էր, և միայն երեկ բոլոր սահմանակետերից 30-50 մետր ադրբեջանական կողմը ևս հետ է տեղաշարժվել:

«Դա ոչ մի ռազմավարական նշանակություն չունի, ընդամենը բուֆերային գոտի է ստեղծվել, որ քիփ-քիփ չկանգնեն»,- նշել է Ռ. Գրիգորյանը: