Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ազատամարտիկ Շահե Աճեմյանն ասաց, որ ընտրություններից հետո իշխանության և ընդդիմության պայքարն ավելի է սաստկանալու, և դա կանխարգելել կարող է միայն բանակը:

«Եթե նույնիսկ տեղի ունենան ընտրություններ, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, ընդդիմությունը չի ընդունելու, պայքարն ավելի սաստկանալու է, եթե ընդդիմությունը հաղթեց, Նիկոլն այդպես հեզ, փափուկ ձևով չի հանձնելու իր իշխանությունը, արյունահեղությունն ու երկու կողմի ավելի լարվածությունն անխուսափելի է: Դեռ հույս ունեմ, ինչպես մոտ անցյալում հավատում էի, որ մեր երկրի փրկությունը ռազմական հեղաշրջումն է, էլի հույս ունեմ, որ մի զինվորական տղամարդ, իսկական սպա, արժանապատիվ սպա այդ քայլին կդիմի և թույլ չի տա արյունահեղություն, կփրկի երկիրը, կհանի այս դժվար իրավիճակից: Նիկոլը հաղթեց՝ ընդդիմությունը չի հանդուրժելու, ընդդիմությունը հաղթեց՝ Նիկոլը հեշտությամբ չի զիջելու»,- ասաց Աճեմյանը:

Անդրադառնալով գերիների խնդրին՝ ազատամարտիկը նշեց, որ այս խնդրի կարգավորման համար հարկավոր է միջազգային հանրության օգնությունը, քանի որ սա հումանիտար հարց է, և  բոլոր այն երկրները, որոնք լավ հարաբերություններ ունեն Հայաստանի և Ադրբեջանի հետ, պետք է ձեռնամուխ լինեն այս խնդրի կարգավորմանը: