Փաստաբան Ամրամ Մակինյանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի վերաբերյալ հրապարակված երկրորդ սկանդալային ձայնագրության առնչությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ինքը՝ փաստաբանը:

Ավելի վաղ NWES.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը մոտ երկու ամիս առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։ Mediaport տելեգրամյան ալիքը հրապարակել է այդ սկանդալային ձայնագրությունը. «Բարի լույս, բոլորին. մի րոպե ուշադրություն։

Էն գործերով, որով վարչապետի խորհրդական Աննան էն անգամ եկել էր ստեղ ու քննարկումներ ա եղել, երեքշաբթի նորից քննարկում ա լինելու, ինքը գալու ա՝ ժամը 10-ին։ Ու նենց չլինի, որ էդ գործերով հանկարծ որեւէ բան արված չլինի»,-ասում է ՔԿ ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալի օգնականը։

Նշենք, որ Երեւան քաղաքի քննչական վարչության պետը ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է՝ Անրի Վարդանյանը։ Նույն Ջհանգիրյանը, որի հետ Աննա Վարդապետյանը պարբերաբար հանդիպում է ԲԴԽ-ում՝ նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցած քրեական գործերն ուղղորդելու համար։