Քիչ առաջ կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Չարբախ թաղամասի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիները ստացել են հրազենային և սուր, կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած վնասվածքներ: Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը ստեղծել են օպերատիվ-հետախուզական խմբեր և պարզում են, թե որ հիվանդանոցներ են տեղափոխվել վիրավորները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցները տեղի են ունեցել Կարմիր բլուր գերեզմանի մոտ գործող սգո սրահներից մեկի դիմաց և այս պահին նշված վայր է ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարկածներից մեկով՝ այս կրակոցները կապ ունեն ամիսներ առաջ Երևանի Մայիսի 9-ի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ: