Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 7-ին՝ ժամը 10:25-ին, «Հրազդան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի 17-ամյա բնակչուհին, ինչպես նաև վերջինիս՝ 15-ամյա քույրը՝ մահացած վիճակում:

ArmDaily.am-ի հետ զրույցում Ջրառատ համայնքի ղեկավար Արթուր Ասատրյանը հայտնեց, որ դեպքի ժամանակ աղջիկները տանը երկուսով են եղել։ «Հայրը տաքսի է վարում, զանգել է աղջիկներին, չեն պատասխանել, եկել է տուն, պատուհանը կոտրելով տուն մտել, տեսել է  երեխաները ուշագնաց են եղել, օգնել են իրեն, տանից հանել են, միաժամանակ շտապ օգնություն են կանչել, ճանապարհին շտապ օգնությունը հասել է, երեխաներին տեղափոխել են շտապ օգնության մեքենայի մեջ, երեխաներից մեկի կյանքը հաջողվել է փրկել»։

Հարցին՝ որտե՞ղ էր երեխաների մայրը՝ նա պատասխանեց. «Երեխաների մայրը իրենց հետ չէր ապրում, հայրն էլ մշտապես իրենց հետ չի եղել, երեխաները ապրել են տատիկի հետ, սակայն դեպքի որը քույրերի փոքր եղբայրը հիվանդանոցում է եղել, տատիկը երեխային խնամելիս է եղել»։

Նա նաև նշեց, որ 17-ամյա աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, վերջինս արդեն իրեն լավ է զգում։