«Զինուժ»-ի լրագրող Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«30 ժամ` ՊՆ շենքում:
Տղերք: Իմ հայրենակիցներ, որ շրջափակել եք ՊՆ վարչական համալիրը: Իմ սգակիր հայրենակիցներ: Ես ձեզ և ձեր պահանջին դեմ չեմ, անհրաժեշտ է շարունակել, շարունակել ջանքերը մեր զինվորների, սպաների, կամավորների մարմինները որոնելու ուղղությամբ, մեր գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Այս հարցում, դուք ճիշտ եք և չկա հակառակ կարծիք: Չի կարող լինել:
Մենք պարիսպների երկու կողմում ենք, բայց մենք տարբեր ճամբարներում չենք, մենք հակառակ կողմերում չենք, մենք հակառակ կարծիքների չենք: Ես և ինձ նման շատերը, որ նախօրեից այստեղ են:

Տղերք: Եթե իմ այստեղ մնալը կարող է օգնել, կարող է վերադարձնել իմ անհետ կորած ընկերներին, գերեվարված ընկերներին, ես կարող եմ շարունակել մնալ, երկար մնալ: Եթե այս շրջափակումը կարող է դեր խաղալ, պատրաստ եմ մնալ:
Իմ հայրենակիցներ: Տղերք: Ես մեղավոր չեմ, որ ողջ եմ մնացել, որ վերադարձել եմ ռազմաճակատից և շարունակում եմ ծառայությունս: Ես մեղավոր չեմ որ անհետ կորածների շարքում չեմ, մեղավոր չեմ: Բայց գրառումն իմ մասին չէ:

ՊՆ շենքում հարյուրավոր կանայք կան, աղջիկներ կան, հասակով և խնամքի սպասողների ծնողներ ու զավակներ կան: Շենքում բազմաթիվ ամուսիններ կան, որոնց երեխաները սպասում են: Գիտեմ, դուք էլ եք սպասում, գիտեմ, սուգը, մեր սուգն անասելի է: Բայց ինչ կարող եմ անել ես, ինչ կարող են անել այս մարդիկ, այս կանայք, այս ծնողները և զավակները: Ինչ կարող են անել, որ չեն անում: Ինչ կարող է անել թիկունքի վարչության իրային ծառայության ենթասպան, ինչ կարող է անել ռազմաբժշկական վարչության գործավարը, ինչ կարող է անել հրետանու վարչության ավագ մասնագետը:

Նրանք ձեր արդար պահանջի հասցեատերը չեն: Նրանք ձեր հակառակ կողմում չեն: Մենք տարբեր չենք, մենք տարբեր ճակատում չենք: Մենք նույնպես սգում ենք, նույնպես ցավում ենք ու նույնպես ցանկանում ենք այս մղձավանջը` տղերքի մարմինները գտնելու և արժանապատիվ հողին հանձնելու կարգը ավարտվի:
Տղերք: Իմ հայրենակիցներ»: