Hraparak.am-ը տեղեկացրել էր, որ Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը առավոտյան հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ հանդիպումից անմիջապես հետո նա ճաշելու էր գնացել Կասկադ՝ «Արցախբանկի» սեփականատեր Արտակ Բալայանի և արցախցի մեծահարուստ Արմեն Բալայանի հետ։ Մեր տեղեկություններով, ճաշից հետո Ռուստամ Մուրադովը հանդիպելու է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կարողացել է համոզել գերիների ծնողներին, որ իրենց որդիների վերադարձը կախված է ոչ թե իրենից, այլ Մուրադովից, ուստի ճիշտ է, որ նրանք հանդիպեն Մուրադովի հետ։ Մենք տեղեկացանք, որ հանդիպումը կայանալու է ԱԱԾ-ում, մասնակցելու է նաեւ ԱԱԾ տնօրենը։ Գերիների ծնողները հայտարարել են, որ Հայաստանի իշխանություններից ոչ մեկին չեն վստահում և իրենց վերջին հույսը Մուրադովն է մնացել։

Սա ուղղակի խայտառակություն է, որ Հայաստանի իշխանությունը սեփական գերիներին վերադարձնելու հարցը ռուս զինվորականի ուսերին է դնում, և փաստացի ձեռքերը լվանում։ Ստացվում է, որ ՀՀ իշխանությունը մինչ օրս մոլորության մեջ էր գցում իր քաղաքացիներին, հիմա արդեն խոստովանում է, որ այլև չի պատրաստվում զբաղվել գերիների հարցով, գրում է աղբյուրը։