Գեղարքունիքի մարզում այսօր՝ ապրիլի 9-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. ժամը 01։00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի «3-րդ պասյոլոկում»՝ Լեռնագործների փողոցի թիվ 25 շենքի դիմաց, ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, հրշեջները մարել են Mercedes 600 մակնիշի 64 VV 600 համարանիշի ավտոմեքենայում բռնկված կրակը։ Պարզվել է՝ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ, և բեռնախցիկի հատվածը, այն դարձել է ոչ շահագործելի։

Ավտոմեքենայի սեփականատեր Լիլիթ Ադյանն ասում էր. «Սա միտումնավոր է այրվել, ու հիմա Վարդենիսի ոստիկանները փորձում են սարքեն, թե իբրև ավտոմեքենան անսարքության հետևանքով այրվել է։ Դա սուտ է, մեքենայի վրա բենզին են լցրել և այն հրկիզել։ Երջանիկ պատահականությամբ և շնորհիվ հրշեջների օպերատիվ գործողությունների՝ կրակը գազաբալոնին չի հասել։ Եթե այն պայթեր, վնասը ոչ միայն ավելի մեծ էր լինելու, այլ նաև հնարավոր է՝ տարածվեր ու վնասեր գազատար խողովակները։ Չգիտենք՝ ինչու է Վարդենիսի ոստիկանությունը ոտի վրա նման եզրահանգման եկել, որ սա միտումնավոր չէ, թե՞ իրենց այդպես է ձեռք տալիս։ Մենք նույնիսկ անուններ ենք տալիս, թե ովքեր են հնարավոր հրկիզողները։ Չեն ուզում օբյեկտիվ քննություն կատարեն։ Եթե տեղի ոստիկանությունը օբյեկտիվ քննություն չկատարի, դիմելու ենք ՀՀ ոստիկանապետին, քանի որ Վարդենիսում նմանատիպ բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել և բոլոր գործերում ծածկադմփոց են ցուցաբերել»։