Օրեր առաջ ԲՀԿ-ականները հայտարարեցին, թե կուսակցության վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է։ Երբ է այս որոշումը կայացվել եւ ինչ լուծումներ է առաջարկում կուսակցությունը, Irakanum.am-ը պարզել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հետ զրույցում։

-Տիկի՛ն Իսայան, օրերս Ձեր գործընկերները իրենց հարցազրույցներում հանդես եկան ուշագրավ հայտարարությամբ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է: Որոշումը նո՞ր է կայացվել և արդյո՞ք կուսակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններին միայնակ է մասնակցելու:

-Այո՛, Բարգավաճ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Ծառուկյանն է: Կարծում եմ սույն հայտարարությունը անակնկալ չէր կարող համարվել, քանզի Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ առաջնորդն է արդեն մեկ տասնամյակից ավելի: Եվ պարոն Ծառուկյանի գլխավորությամբ կուսակցությունը շատ և շատ մարտահրավերներ է հաղթահարել, բազում փորձություններով անցել և քաղաքականապես առավել թրծված ու կայացած ուժ դարձել: Կարող եմ նույնիսկ ասել, որ մեր կուսակից ընկերների հորդորը և ակնկալիքն էր նաև, որ երկրի համար այս դժվարին օրերին, նման բարդ իրավիճակում արտահերթ ընտրությունների կուսակցությունը գնա պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, միայնակ՝ առանձին ցուցակով:

-Կարելի է ասել ԲՀԿ-ն ևս արդեն նախընտրական այցեր է կատարում մարզեր: Ձեր այցերի ընթացքում ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնում մարդիկ, առհասարակ մարզերում ի՞նչ մթնոլորտ է տիրում:

-Թույլ տվեք չհամաձայնել «նախընտրական այցեր» ձևակերպման հետ: Այո՛, այցեր ենք կատարում այժմ ՀՀ բոլոր մարզեր, սակայն այս այցերը ԲՀԿ-ի մոտ պարբերական բնույթ են կրել, մենք մշտապես կարևորել ենք մեր ընտրողի հետ հետադարձ կապի պահպանումը, այնպես որ ասել, որ դրանք նախընտրական այցեր են, ճիշտ չի լինի: Ինչ վերաբերում է մարզերում տիրող մթնոլորտին, ապա, ցավոք, այն չես կոչի լավագույն իրավիճակ: Սա առավել քան օբյեկտիվ պատճառներ ունի իհարկե՝ ծանր պատերազմ իր ծանրագույն հետևանքներով, ինչ-որ առումով անորոշություն ապագայի հանդեպ: Մարդիկ ունեն հստակ խնդիրներ, որոնք պահանջում են հստակ լուծումներ, և կարելի է վստահորեն ասել, որ ամենից առաջ մարդիկ կարիք ունեն ղեկավարների, ովքեր ի վիճակի են առաջին հերթին գործել, գործ անել և որ ամենակարևորն է՝ լուծումներ առաջարկել իրենց խնդիրներին:

Irakanum.am