Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից ներգրավված «Սուլեյման Շահ» թուրքամետ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Աֆրինում բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով իրենց հասանելիք աշխատավարձը, որն արդեն մի քանի ամիս է չեն ստացել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ANFnews-ը, նրանք դրանում մեղադրում են իրենց հրամանատար Աբու Համշային, ով, ըստ գրոհայինների, թուրք հովանավորներից ստացված գումարները  յուրացրել է: Վարձկանները «Տելեգրամ» ալիքում կիսվել են բողոքի ակցիայից տեսանյութով:

«Մենք Լեռնային Ղարաբաղ էինք գնացել թուրքական պետության հետ միասին: Մենք ունենք նահատակներ։ Բրիգադի հրամանատար Աբու Համշան  վերցրել է մեր փողերն ու նահատակների ընտանիքների փողերը: Նույնիսկ ուտելու փող չունենք: Մենք դա չենք ընդունում»,- նշում է վարձկաններից մեկը: