Պաշտպանության նախարարությունում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և բարձրաստիճան սպայական կազմի որոշ ներկայացուցիչների հետ 4 ժամ տևած հանդիպումից 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո անհետ կորածների և գերիների ծնողները դժգոհ դուրս եկան և լրագրողներին ասացին, որ իրենց հարցերին լիարժեք պատասխաններ չեն տրվել:

«Ասում են՝ գերի չենք կարա բերենք»,- ասաց հանդիպման մասնակից ծնողներից մեկը:

Անհետ կորածներից մեկի հարազատն էլ ասաց, որ գերիների վերադարձի հարցում ոչ մի ակնկալիք չունեն Պաշտպանության նախարարությունից և ԳՇ-ից.

«Էս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին, ԳՇ պետը առհասարակ, որովհետև ասում է՝ իմ իրավասությունների մեջ չի մտնում, որ ինչ-որ կոնկրետ հարցի լուծում գտնի: Այդքան բան, ուրիշ բան չկա, այսինքն՝ ակնկալիք չկա, կամ Ձեզ դիմեմ կամ իրենց, տպավորությունն այդպես էր: Ասում են՝ աշխատում ենք, աշխատում ենք… բայց աշխատանքը չհասկացանք՝ որն էր»:

Հիշեցնենք, որ անհետ կորածների և գերիների հարազատները երեկվանից շրջափակել են ՊՆ շենքի բոլոր մուտքերը և թույլ չեն տալիս, որ աշխատակիցները շենքից դուրս գան:

Պահանջում էին հանդիում Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:

Ի դեպ, ծնողները տեղեկացրին, որ այս հանդիպմանը Պաշտպանության նախարարը ներկա չի եղել: