ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության և ՀՀ ոստիկանության միջև կնքվել է ճանապարհային գծանշումների, ինչպես նաև նշանների և լուսացուցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման ու շահագործման աշխատանքների մատուցման վերաբերյալ 1.589.864.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք պայմանագիր:

ՀՔԾ-ից հայտնում են, որ «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2018-2019թթ ընթացքում, ի կատարումն վերը նշված պայմանագրերի «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃԵԿՀ բաժնի պետ Կոստանտին Կոստանյանից ստացված առաջադրանքների հիման վրա, տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններին էականորեն չհամապատասխանող ծառայություններ մատուցելու արդյունքում, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող պայմանագրերի կամ դրա մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման արձանագրություններում ու դրանց վերաբերյալ հարկային հաշիվներում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով և այդ փաստաթղթերն օգտագործելով՝ խաբեության եղանակով պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ: