Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, մասնակցել ԳԱԱ խորհրդի նիստին: Այն հրավիրվել է Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդի անդամների տեսակետները լսելու նպատակով:

«Ինքս եմ խնդրել այս հանդիպումը, որի նպատակը շատ կոնկրետ է՝ կապված օրենքի հետ, որն այսօր իմ սեղանին է,— դիմելով նիստի մասնակիցներին՝ ասել է նախագահ Սարգսյանը: -Ես հանդիպել եմ գիտության և կրթության ոլորտի մի շարք գործիչների հետ, հանդիպելու եմ համալսարանական ռեկտորների ու առանձին դասախոսների հետ: Հանդիպել եմ նախարարին և, վերջնական որոշում ընդունելուց առաջ, կուզեի լսել ձեր կարծիքը»:

Նիստի ընթացքում ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և խորհրդի անդամներն իրենց մտահոգություններն են հայտնել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

«Կրթությունը, գիտությունը և նորարարությունը համաչափ չեն ներկայացված: Դրույթները հիմնականում վերաբերում են բարձրագույն կրթությանը, մինչդեռ գիտական և գիտատեխնիկական գործունեությանը վերաբերող դրույթները սակավաթիվ են, ոչ կոնկրետ և հպանցիկ: Հստակ բացահայտված չեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միասնական արդյունավետ համակարգի ստեղծման գործընթացի ուղիներն ու մեխանիզմները»,— ասել է Ռադիկ Մարտիրոսյանը:

Ակադեմիկոսները ներկայացրել են իրենց մտահոգող բազմաթիվ այլ հարցեր: Հանրապետության նախագահի աշխատակազմին են փոխանցվել ԳԱԱ առաջարկությունները:

Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել ներկայացված դիտարկումները՝ ընդգծելով, որ գիտությունը, կրթությունը և տեխնոլոգիաները պարզապես բառեր չեն. հենց այդ ոլորտներն են մեր երկրի ապագան: Նա ուշադրություն է հրավիրել քննարկումների ժամանակ հնչած երկու հասկացության՝ հիմնավորման և ժառանգության վրա: «Գիտությունը պետք է զարգանա, 21-րդ դարում առանց նոր տեխնոլոգիաների, առանց գիտության առաջ գնալ հնարավոր չէ, -ասել է Հանրապետության նախագահը, -առավել ևս Հայաստանի նման երկրի դեպքում, որը մարդկային ռեսուրսից բացի ուրիշ ռեսուրս չունի: Ու եթե մենք փորձելու ենք վաղն ինչ-որ բանի հասնել, դա կրթության և գիտության միջոցով է լինելու: Մարդկային ռեսուրսը, գիտությունը և տեխնոլոգիաները մեր երկրի համար բացարձակ անհրաժեշտություն են: Բայց 21-րդ դարում պետք է հստակ իմանալ, թե երկիրն ինչպիսի ապագա է ունենալու 20-30 տարի հետո: Ի՞նչը պետք է զարգացնենք, որ 20-30 տարի հետո ունենանք մեր արժանապատիվ տեղը և լինենք ուժեղ պետություն: Հետևաբար, օրենքի հիմնավորումը պետք է գա գիտության և կրթության մասին տեսլականից՝ ուր ես ուզում տանել, ինչպիսի գիտություն ու կրթություն ես ուզում զարգացնել: Եվ այդ կոնկրետ ոլորտի զարգացման տեսլականը պետք է արտացոլվի օրենքի մեջ»:

Մյուս կարևոր հիմնակետը երկրի նախագահը համարել է ժառանգությունը. «Ժառանգությունը շատ էական է և չի հնանում: Ուսումնասիրելով աշխարհի լավագույն օրինակները՝ պետք է կարողանաս ստեղծել քոնը, պահպանելով մեր ունեցածը:

Մեր ամենակարևոր խնդիրներից մեկը հենց սա է՝ հաշվի առնելով ժառանգությունը, համաշխարհային փորձը, ունենալ հստակ տեսլական պետության համար, ունենալ տեսլական գիտության և կրթության զարգացման համար, և դրանից հետո հիմնավորել, թե ինչպիսի փոփոխություններ պետք է ունենանք: Մենք շատ անելիք ունենք, որ մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, և դրա ճանապարհը գիտությունն ու կրթությունն են»: