Աշխատանքային այցով Երեւանում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին հայտնեցին Վարչապետի մամուլի ծառայությունից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Մենք գործնականում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ, եւ կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում լայնածավալ ծրագրեր ենք իրականացրել իրար հետ: Արդեն համատեղ մի քանի տասնյակ միլիարդ դրամի ծրագրեր ենք իրականացրել, եւ շատ կարեւոր է նաեւ այն որոշումը, որ մենք կայացրեցինք՝ կապված «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում 110 մլրդ դրամի բնակարանաշինության եւ ենթակառուցվածքների ծրագիր իրականացնելու հետ:
Ըստ էության, երեք տարվա ընթացքում կյանքի կոչելու պարագայում կստացվի, որ այս ծրագիրը մինչեւ այժմ Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ համադրելի, համեմատելի ծրագիր է, եթե ոչ մի փոքր էլ ավելի:
Նաեւ լավ առիթ է, որպեսզի Ձեզ հետ կիսվեմ Մոսկվա կատարած այցի արդյունքներով եւ տպավորություններով: Բնականաբար, Արցախի հարցը եւ Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ մեր քննարկումների կարեւորագույն կետերից մեկն է եղել, եւ շատ կարեւոր եմ համարում, որ քննարկումների բովանդակությունը նաեւ կիսեմ Ձեզ հետ:
Նախագահ Արայիկ Հարությունյան – Շնորհակալություն պարոն վարչապետ: Մեծարգո վարչապետ, ուզում եմ ֆիքսել, կրկնել, հիշել, որ այո, մենք ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ հետպատերազմյան ժամանակահատվածում, այս ծանր սոցիալական իրավիճակում, ամենօրյա ռեժիմով ենք աշխատել: Մեզ հաջողվել է ոչ միայն լուծել առաջին կարեւոր սոցիալական ծրագրերը, այլ նաեւ հստակ մշակել մեր անելիքները՝ ուղղված ապագային:
Այդ առումով նշեմ, որ բավարարված եմ նրանով, ինչ մենք միասին քննարկել ենք, որն արդեն փաստաթղթավորվում եւ զուգահեռ կյանքի է կոչվում: Նաեւ ուզում եմ կարեւորել մեր հետագա անելիքները՝ անվտանգային եւ քաղաքական դաշտում, մանավանդ, Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, որտեղ մեր անելիքները պետք է լինեն ոչ միայն համաձայնեցված, այլ նույն ճանապարհով:
Այդ համատեքստում մենք էլ ենք կարեւորում Ձեր այցելությունը Մոսկվա եւ այստեղ Ռուսաստանի Դաշնության դերը, մանավանդ Ռուսաստանի նախագահի դերը խաղաղություն կնքելու առումով եւ հետպատերազմյան ժամանակահատվածում Ղարաբաղի անդորրը պահպանելու առումով անգնահատելի է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Կարեւոր է նաեւ արձանագրել, որ ռուսաստանյան խաղաղապահներն այսօր անվտանգության եւ կայունության ապահովման հիմնական գործող անձինք են: Այդ առումով, խաղաղապահների գործունեությունը, իհարկե, պետք է արձանագրել, որ շատ արդյունավետ է եւ պետք է հույս ունենալ, նաեւ համոզված եմ, որ նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի: