Ապրիլի 7-ին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ. Սաֆարյանը, «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ներսեսյանը, անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ Վ.Ահարոնյանը, «Ջրամատակարարում» ՓԲԸ-ի տնօրեն Գ. Հայրապետյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Հ. Մարտիրոսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա. Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ. Ցուգունյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության շրջանակի ընդլայնման ու խորացման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր։

Անդրադարձել են հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիներին, կենսագործունեության լիարժեք վերականգնմանը և շրջակա միջավայրի կառավարման համակարգի անխափան աշխատանքին վերաբերող հարցերին:

Նախատեսվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործուն աջակցությամբ Արցախում հիմնել 1 հա տնկարանային տնտեսություն, ինչպես նաև՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին նվիրաբերել 100 000 տնկի՝ շուրջ 30 հա անտառտնկման և անտառվերականգնման համար:

Քննարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեխնիկական հզորությունների օգտագործման միջոցով ԱՀ անտառների մոնիթորինգի հնարավոր կազմակերպումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև ջրային ոլորտի և ջրային ռեսուրսների կենսական կարևորության խնդրին: Առկա խնդիրների կարգավորման նպատակով մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Նախարարները նաև մասնակցել են Սարսանգի ջրամբար 40000 մանրաձկան բացթողնման արարողությանը: