Ինչպես հայտնի է, երեկ աշխատանքից ազատվեց «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանը։ Նա աշխատանքից ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Տեւական ժամանակ է՝ Թորոսյանը միջամտում է ՊՈԱԿ-ի գործերին, ինչը Մինասյանին դուր չէր գալիս։ Միանձնյա որոշել էր, որ կրճատումներ պետք է լինեն, Մինասյանն էլ հրաժարվել էր որեւէ մեկին ազատել, աշխատանքային տարաձայնությունները այնքան սրվեցին, որ վերջինս ազատման դիմում գրեց։ Թորոսյանն էլ անմիջապես ընդունեց այն։

Առհասարակ՝ ՊՈԱԿ-ով Թորոսյանի նկրտումները չեն ավարտվում։ Կառավարության լավատեղյակ աղբյուրն ասում է, որ Թորոսյանը իր իշխանությունը տարածել է օրենսդիրում եւ գործադիրում՝ հարակից կառույցներով հանդերձ։ Բավական է նշել, որ մի շարք նախարարություններում Թորոսյանը անձնական ներկայացուցիչներ ունի, որոնք ապահովում են ինֆորմացիայի արտահոսքը, Առողջապահության նախարարությունը առհասարակ Թորոսյանի անմիջական հսկողության տակ է շարունակում մնալ։ Բազմազբաղ աշխատակազմի ղեկավարը հասցնում է անգամ զբաղվել խորհրդարանով, ըստ այդմ՝ խմբակցությունները ցանկացած օրենսդրական նախաձեռնություն համաձայնեցնում են իր հետ։

Արսեն Թորոսյանի «կայսերապաշտական» նկրտումների մասին լրատվամիջոցները քանիցս գրել են, նա օրնիբուն զբաղված է իր ազդեցության գոտին ընդլայնելով։

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը ցանկանում է իր ազդեցությունը տարածել նաեւ Հանրային հեռուստաընկերությունում, այս առումով գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նրա համար անցանկալի անձ է, ում դեմ ինտենսիվ պայքարում է։
Իհարկե, Մովսիսյանը, քանի դեռ Փաշինյանի բարեհաճությունը ունի, դիմադրում է։ Բայց Թորոսյանը հեշտ հանձնվողներից չէ, նա ցանկանում է Հանրայինում տեղյակ լինել ամեն ինչից, համակարգել, միջամտել ֆինանսական, կադրային հարցերին։ Արսեն Թորոսյանի թագավորությունն այնքան է տարածվել, որ Հանրայինում ոմանք անգամ զգուշավորություն են դրսեւորում հյուրեր ընտրելիս՝ հանկարծ նրա համար անցանկալի մարդիկ չհայտնվեն։