Բաքուն փորձում է դեստրուկցիա մտցնել Արցախի քաղաքական դաշտում, որպեսզի մարդիկ մտածեն, թե հասարակության մեջքի հետևում ինչ-որ պայմանավորվածություններ կան ադրբեջանական կողմի հետ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմից հայտարարություններից առավել վտանգավոր են հայկական իրականության մեջ հնչող դիտարկումները, թե Շուշին և Քարվաճառը համարում են ադրբեջանական, իսկ հայ ցեղասպանության ճանաչումը անիմաստ:

Ինչպես արդեն հայտնի է, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ նախագահ, պատգամավոր Թուրալ Գանջալիևը նախօրեին հայտարարել էր, թե շուտով իր գրասենյակը գործելու է Ստեփանակերտում, հիմա, արդեն, գրասենյակի համար հարմար տարածք է փնտրում:

«Հայտարարությունն ինքնին ցնդաբանություն էր, սակայն հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը ունի շատ հարուստ աշխարհաքաղաքական պայքարի փորձ, մենք չպետք է այս հայտարարությունը ընկալենք պարզապես որպես անհեթեթություն, կամ պարզապես ադրբեջանական «քաղաքական գործչի» անկապ հայտարարություն, — «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը նման հայտարարություններով փորձում է ցույց տալ իր ռազմաքաղաքական մի շարք նպատակները:

«Նախ և առաջ Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի հրաժարվում Արցախից, ցույց է տալիս իր նկրտումները, ցուցադրում իր ագրեսիվ ծրագրերը: Նրանք նաև փորձում են նման հայտարարություններով վհատություն սերմանել Արցախի հասարակության մեջ, ներքաղաքական լարվածություն ստեղծել քաղաքացիների մոտ, որովհետև մեր քաղաքական դաշտը հիմա լարված է, և որոշ մարդիկ դա կարող են օգտագործել որպես քաղաքական դիվիդենտներ ստանալու տարբերակ՝ վատ իմաստով», — ասել է Արցախի հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը։

Դ.Բաբայանի խոսքերով՝ նման քայլերով Բաքուն փորձում է դեստրուկցիա մտցնել Արցախի քաղաքական դաշտում, որպեսզի մարդիկ մտածեն, թե հասարակության մեջքի հետևում ինչ-որ պայմանավորվածություններ կան՝ ադրբեջանական կողմի հետ, ինչը, իհարկե, այդպես չէ:

«Մյուս նպատակն է խարխլել հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները։ Նման հայտարարություններով, այդ այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարը, հարվածում է հայ-ռուսական հարաբերությունների, փորձում սեպ խրել մեր մեջ՝ ցույց տալ, թե, իբր, ռուսները տեղյակ են մեր պլաններից և դրա համար ենք այսպիսի հայտարարություններ են անում, ինչը, իհարկե, այդպես չէ»,- նշել է նախարարը:

Նրա դիտարկմամբ՝ այս անիմաստ հայտարարությունն ունի հոգեբանական, ներքաղաքական նպատակներ, ինչը հայկական կողմի համար պարզ է, հասկանալի է, եւ նման բան առհասարակ չի կարող լինել, սակայն նաև մենք չպետք է մոռանանք, թե ում հետ գործ ունեն: «Բայց ավելի վտանգավոր են ոչ թե նման հայտարարությունները, այլ այն հայտարարությունները, որոնցում Շուշին և Քարվաճառը համարում են ադրբեջանական, իսկ հայոց ցեղասպանության ճանաչումը անիմաստ: Դրանք են մեր բուն վտանգները», — շեշտել է Արցախի ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ Շուշին հայկական քաղաք լինելու փաստը փորձել է կասկածի տակ դնել Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա խորհրդարանական հենարանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հ.Աղազարյանը հայտարարել է, թե ինչ կտա Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, ով է Քարվաճառը համարել հայկական։