Նոր Նորքում տարեց տղամարդու մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նրա հարևանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն առաջացրել է տուժողի մահը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՔԿ-ից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևանի Նոր Նորք համայնքում տարեց՝ 80-ամյա տղամարդուն օրը ցերեկով ծեծել են, իսկ ժամեր անց վերջինս մահացել է: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ահազանգել էր, որ հիմնավոր պատճառներ ունի ենթադրելու, որ մարդասպանին հաջողվել է ջրից չոր դուրս գալ և այդ կասկածն ավելի է ամրապնդվել, երբ իրավապաշտպանը տեղեկացել է, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի հատկանիշներով՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով: Օրեր անց հայտնի դարձավ, որ հոդվածը փոխվել է:

Այսօր ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ պարզվել են դեպքի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Մասնավորապես՝ նախնական տվյալներով, ապրիլի 1-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի բակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել տարեց տղամարդու և վերջինիս հարևանի միջև, ինչի ընթացքում հարևանը հրել է 79-ամյա տղամարդուն, որը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին և ստացել մարմնական վնասվածքներ:

Դեպքից օրեր անց՝ 2021թ. ապրիլի 3-ին՝ ժամը 12:24-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ տարեց տղամարդը մահացել է ժամը 12:00-ին: