Առաջիկայում Թուրքիան Ստամբուլի ծայրամասում վիթխարի ջրանցքի կառուցման մրցույթ կանցկացնի, որի հիմնարկեքը կանի ամռանը, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ առաջ մղելով նախագիծը, որը քննադատություն է հարուցել իր արժեքի եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության պատճառով, փոխանցում է Reuters-ը:

Kanal Istanbul նախագծով Ստամբուլից հյուսիս Սեւ ծովը կմիանա հարավում Մարմարա ծովին, նախագիծը գնահատվում է 9,2 մլրդ դոլար:

Երկրի կառավարությունը հայտարարում է, որ դա կթեթեւացնի Բոսֆորի նեղուցով երթեւեկությունը եւ կկանխի դժբախտ դեպքերը, բայց քննադատները հայտարարել են, որ այն վնաս կհասցնի շրջակա միջավայրին եւ կհանգեցնի քաղցրահամ ջրի պաշարների աղտոտմանը: Թուրքիան անցյալ ամիս հաստատել էր նախագծի զարգացման ծրագրերը:

Դիմելով իր «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության օրենսդիրներին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է այդ ծրագրի իրականացումը՝ «դա դուր է գալիս ձեզ, թե ոչ», եւ հավելել է, որ ջրանցքը տարածաշրջանի համար «նոր շնչափող» կդառնա: