Հատուկ քննչական ծառայությունը Գլխավոր դատախազությունից ստացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ հանցագործության մասին հաղորդումը, Aysor.am-ին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում», — հավելեց ՀՔԾ խոսնակը։

Նշենք, որ Օնիկ Գասպարյանը պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ասել էր, որ կառավարության հայտարարության հետևանքները և քրեաիրավական են, և վարչաիրավական. համապատասխան հաղորդումները հանցագործության մասին կներկայացվեն իրավասու մարմիններին։

ՀՀ կառավարությունը մարտի 22-ին հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին, մինչդեռ, օրեր առաջ ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Նշենք, որ վարչական դատարանի որոշումից հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։

Դեռևս փետրվարի 25-ին Նիկոլ Փաշնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ որոշում է կայացրել պաշտոնից ազատել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Նույն օրն, ավելի վաղ, ՀՀ զինված ուժերը պահանջել էր ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։