«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ժամանակի ընթացքում ավելի ցայտուն են դարձնում, թե պետական կառավարման համակարգը ինչ ծայրահեղ վիճակում է հայտնվել, որի հիմնական պատճառներից մեկն էլ հեղհեղուկ կադրային քաղաքականությունն է։ Բնականաբար, երկրի առաջընթացի տեսանկյունից առաջնային նշանակություն պետք է ունենա բարձր պաշտոններում եւ առանձին օղակների ղեկավար մարմիններում մասնագետների ընտրության հարցը, բայց դրա փոխարեն պետական համակարգի կայացումն ու պրոֆեսիոնալիզմը երկրորդ պլան են մղվել, իսկ առաջնայինը դարձել են ցուցադրականությունն ու ձեւականությունը։ Ու սա գալիս է ամենավերեւից՝ երկրի վարչապետի պաշտոնին գամված անձի կողմից տարվող հիմնական քաղաքական կուրսից։

Ըստ այդմ, պաշտոնյայի աշխատանքի ցուցիչ են համարվում ոչ թե մասնագիտական հաջողությունները, այլ այն, թե այդ պաշտոնյան որքանով է լոյալ, ավելին՝ հլու կամակատար եւ հնազանդ ու հպատակ իրեն, եւ որքանով է ի զորու հանրության աչքում աշխատանքի իմիտացիա ստեղծել, ֆեյսբուքում լայքեր հավաքել եւ այլն։

Այս համատեքստում ուշագրավ է, որ երբ Նիկոլ Փաշինյանը ձախողվում է (իսկ դա բոլոր հարցերում է ու գրեթե ամենօրյա ռեժիմով) կամ փորձում է ժամանակ շահել, սկսում է տարբեր կառույցների եւ գերատեսչությունների ղեկավարներին փոխել այնքան, մինչեւ այդ հիմնարկները խոր դեպրեսիայի մեջ են հայտնվում։

Պատերազմում պարտությունից հետո Նիկոլի իրականացրած կադրային փոփոխությունները դրա ամենավառ օրինակն են։ Այստեղ հատկապես ուշադրության են արժանի ուժային կառույցների ղեկավարների՝ արդեն պարբերական դարձած փոփոխությունները։ Հիշեք, թե կարճ ժամանակահատվածում Նիկոլը քանի ԱԱԾ տնօրեն փոխեց։ Ու այս համատեքստում չպետք է աչքաթող անել, որ ուժային կառույցները պետության կայացման եւ անվտանգության ապահովման հիմնական հենարանն են, որոնց կայացումը «հանաք-մասխարա» գործ չէ եւ մեծ ջանքեր, ժամանակ ու ռեսուրսներ է պահանջում։

Եվ, բացի նրանից, որ յուրաքանչյուր նոր նշանակված ղեկավար պետք է ժամանակ ունենա, որպեսզի կարողանա տիրապետել իր կողմից համակարգվող ոլորտի նրբություններին, Փաշինյանը մի բան էլ մեծ կարեւորություն ունեցող տարբեր օղակներում այդ ոլորտների շրջանակից դուրս գտնվող մարդկանց է նշանակում, ինչը, բնականաբար, համակարգում ներկայացված պրոֆեսիոնալների դժգոհությունն է հարուցում։

Այսպես, օրինակ՝ որեւէ մասնագետ, ով տարիներ շարունակ աշխատելով՝ մեծ փորձ եւ գիտելիքներ է կուտակել, ստիպված է ենթարկվել մի ղեկավարի հրահանգներին, ում պահանջները մասնագիտական առումով արդարացված չեն եւ իրենց մեջ կամայականություն են պարունակում։ Դիլետանտ ղեկավարի նշանակման հանգամանքը պետական ապարատի ներսում մեծացնում է ներքին լարվածությունը, պայմաններ է ստեղծում բարձիթողի վիճակի եւ անգործության համար։ Ու առանձին ոլորտներում գրանցված արդյունքների տեսանկյունից իշխանությունները չեն բարձրաձայնում, թե ինչ ձախողումներ են եղել, ինչ քայլեր պետք է ձեռնարկել դրանք շտկելու համար եւ, ըստ այդմ, ինչ հիմնավորմամբ են այս կամ այն կադրային փոփոխությունն իրականացնում։ Օրինակ՝ վերջերս, երբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական տվեց հայտնի միջադեպի պատճառով, ոչ ոք այդպես էլ չխոսեց, որ տեխնոլոգիական ոլորտում, բացի փիառից եւ նախարարի կողմից «հրաշք տեխնոլոգիաների մասին» տարածվող տեսանյութերից, որեւէ լուրջ համակարգային աշխատանք չի տարվել։

Չնայած տեխնոլոգիական ոլորտի վերաբերյալ իշխանությունների գովերգումներին՝ ժամանակի ընթացքում ավելի տեսանելի դարձավ, որ արդիական սպառազինությունների եւ տեխնոլոգիաների ստեղծման ու տիրապետման առումով մեծապես զիջում ենք ԹՇՆԱՄԱԿԱՆ Թուրքիային եւ Ադրբեջանին այն պարագայում, երբ, սփյուռքի ներուժն էլ ներառյալ, մենք մեծ ինտելեկտուալ պոտենցիալի ենք տիրապետում։ Ու սա չի խանգարում, որ մի հատ էլ համացանցով մեկ տարածեն հերթական ցուցադրական տեսանյութը, թե նախարարության աշխատակիցները ծափահարություններով են ճանապարհել Արշակյանին։

Ու այստեղ հարցը միայն ԲՏԱ նախարարին չի վերաբերում։ Մյուս ոլորտներում եւս գրեթե նույն իրավիճակն է։ Իսկ ընդհանուր առմամբ, իշխանությունները կադրային նշանակումներ կամ փոխատեղումներ կատարելիս ունեն միայն մեկ տրամաբանություն (չնայած այս իշխանությունների պարագայում տրամաբանություն բառը չափազանցություն է). կարեւորը՝ սեփական թիմից լինի, անվերապահ հավատարիմ ու «թրի տակով անցած»: Մնացածն ածանցյալ է։ Հենց դրա համար էլ բոլոր ոլորտներում, ինչպես կասեր «դասականը», «խիարը թարս է բուսնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում