Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի գործը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է վերջինիս փաստաբան Արմեն Հարությունյանը: Նշենք, որ Դավիթ Գալստյանի պաշտպանը դիմել է Վճռաբեկ դատարան խափանման միջոցը կալանքի հարցով:

Ավելին, նա հայտնել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս դիմել է դատարան Դավիթ Գալստյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, երկարաձգելու հարցով, ինչն էլ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է:

Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանին առնչվող քրեական գործով ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք են հրավիրվել ԱԱԾ եւ հարցաքննվել: Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատել էր նաեւ Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չէր ցանկացել անուններ տալ:

«Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հաջողվել է իր աղբյուրներից պարզել, որ ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել նաեւ ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, քանի որ նա եղել է զենքերի գնման հանձնաժողովի կազմում:
Հիշեցնենք, որ Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է Պատրոն Դավո մականունով, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմ ընկերն է :

Նրա «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը, ըստ ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր՝ պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որոնք էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, եւ կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։