Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ), Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO) աջակցությամբ և ԱՀ Առողջապահության նախարարության ու Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով մեկնարկում են «Բժիշկները Արցախի համար» ծրագիրը, որի հիմնական նպատակն է լրացնել պատերազմից հետո ԱՀ առողջապահության համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը՝ Արցախ գործուղելով ՀՀ բժշկական կենտրոնների առաջատար բժիշկներին, իրականացնելով Արցախի բուժանձնակազմի վերապատրաստումներ առկա և առցանց տարբերակներով, ինչպես նաև պարբերաբար կազմակերպելով վարպետության դասեր տեղի և արտասահմանյան բժիշկ-մասնագետների ակտիվ ներգրավմամբ։

Համաձայն ԱՀ Առողջապահության նախարարության և նախարարին կից մասնագիտական խորհրդի կատարած ուսումնասիրության՝ Արցախի բժշկական հաստատություններում այս պահին մոտ 70 բժիշկ-մասնագետների կարիք կա, որոնցից 20-ը՝ հրատապ։ Կադրերի խնդիրն առաջացել է հատկապես հետպատերազմյան շրջանում բժիշկների արտահոսքի հետևանքով։

«Բժիշկները Արցախի համար» ծրագրին դիմած առաջին խումբն ապրիլի 4-ին մեկնել է Մարտունու շրջան, որտեղ աշխատելու է առնվազն 2 շաբաթ, առավելագույնը՝ 6 ամիս։ Գործուղման ավարտին նրանց փոխարինելու է հերթական բժիշկների խումբը։