Համավարակով պայմանավորված կանխատեսումները եւ սպասումները շատ անորոշ են, դրա համար պետք է սպասել եւ ժամանակը ցույց կտա՝ երկնիշ թվեր կլինեն, թե՝ ոչ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ տնտեսությունը վերակենդանացման ինչ-որ նշաններ է ցույց տալիս՝ ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Պետք է հետեւել վիճակագրական տվյալներին եւ կոնկրետ մեր մասով՝ հարկերի հավաքագրման ընթացակարգին եւ տարբեր ոլորտների մոտ տիրող իրավիճակին, մասնավորապես, առեւտրաշրջանառության ծավալներին։ Դատելով առեւտրաշրջանառության ծավալների վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից կատարված վերլուծական տվյալները՝ ես փաստում եմ, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է»։

Անդրադառնալով հարկ վճարողի օր սահմանելու իր առաջարկին, եւ հարցին, թե այդ քայլի նպատակը ո՞րն է, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Մենք չենք անում դա, որպեսզի հարկերն ավելանան։ Յուրաքանչյուր գործողություն ունի իր հիմնավորումն ու տրամաբանությունը։ Կառավարությունը, կարծում եմ, որ իր բոլոր լուրջ գործերով զբաղվում է։ Հարկ վճարողի օր սահմանելու գաղափարի տակ տրամաբանություն ենք դրել, իսկ ինչո՞ւ հարկ վճարողը տարվա մեջ չունենա իր օրը, ինչո՞ւ չմատնանշվեն օրինապահ հարկ վճարողները, որոնք ջանք չեն խնայել, որպեսզի սահմանված կարգով եւ ամբողջությամբ պետական բյուջե հարկեր վճարեն»։

Լրագրողի դիտարկմանը, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները բողոքում են, թե իրանական միրգ-բանջարեղեն է ներկրվել եւ արդյունքում հայկական ապրանքը չի վաճառվում, հարցին՝ քանի՞ տոննա է ներկրվել իրանական միրգ-բանջարեղեն, Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ չի կարող ասել՝ քանի տոննա է ներկրվել. «Ներկրումներ կան, բայց չեմ կարող ասել, թե որ ապրանքից քանի տոննա է ներկրվել»։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, թե ՊԵԿ նախագահի հայրն ակտիվ ներգրավված է Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին՝ Հովհաննիսյանը հերքեց այդ լուրը. «Իմ ընտանիքը երբեւէ քաղաքականությամբ չի զբաղվել եւ չի զբաղվում։ Իմ հայրը 2008 թվականից սկսած համայնքի ղեկավար է, նա անկուսակցական է։ Նա որպես անկուսակցական է մասնակցել ընտրություններին։ Որեւէ քարոզարշավի կամ մարզային այցերի համայնքի շրջանակներից դուրս երբեք չի ներգրավվել։ Բնակիչներին որեւէ մեկը հանդիպման վայր չի ուղղորդել։ Բնակիչներն իմացել են, որ երկրի վարչապետը գալու է իրենց համայնք եւ մեծ ուրախությամբ ներկա են գտնվել»։

Հարցին՝ այս ընթացքում բիզնեսի քանի՞ տոկոսն է ստվերում, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ստվերի մասին գնահատականներին դեռեւս վաղ է հիմա անդրադառնալ։ Ստվերը կա եւ միշտ լինելու է։ Երբ կունենանք վերջնական գնահատական, մենք մեր աշխատանքի արդյունքները կհրապարակենք»։