Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին։ Նա հայտարարել է, որ ՀՀ–ի համար սպառնալիք է Թուրքիան:

«Իհարկե, Թուրքիան․․․ Սպառնալիքը մեզ համար պատմական է, այն ընկալվում է ինչպես և՛ հայերի կողմից, այնպես էլ թուրքերն են մեզ ընկալում որպես սպառնալիք: Դրանով է բացատրվում փակ սահմանը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը: Սպառնալիքն այն է, որ Թուրքիան սահմանի բացման պարագայում կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանը վերածի Աջարիայի նման վայրի՝ իր բիզնեսի տեսանկյունից, իր տնտեսության տեսանկյունից: Ես այստեղ որոշակի վտանգ եմ տեսնում»,– ասել է նա:

ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ մեր պատմական կողմնորոշումը դեպի Ռուսաստան վրդովեցնում է ոչ միայն Թուրքիային, այլ նաև ԱՄՆ-ին, ինչպես նաև շատ շատերին:

«Հայաստանում բավականին ակտիվ աշխատում են ուժեր, որոնք փորձում են խաթարել այդ հարաբերությունները, մեղադրել Ռուսաստանին այն բանում, որ մենք պարտվել ենք պատերազմում: Այսպես կոչված՝ հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց գլոբալ են համարում և իբրև գլոբալ արժեքներ են քարոզում, նրանք շատ են Հայաստանում: Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես է խարխլվում մեր ինքնորոշման հիմքը: Դա տեղի է ունենում ամենօրյա ռեժիմով»,- ասել է Քոչարյանը: