ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 29 -ամյա Սուրեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ։ Մինչ այդ հանրությանն անհայտ Գրիգորյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։ 2019 թվականի փետրվարի 2-ին էլ դարձել էր պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Մասնագիտությամբ իրավաբան Գրիգորյանը 2014 թվականի հուլիսից մինչև հոկտեմբեր աշխատել է «ԷյԷմ» իրավաբանական ընկերությունում որպես իրավախորհրդատուի օգնական, 2014-2016 թվականներին՝ նույն ընկերությունում որպես իրավախորհրդատու, 2016-2017 թվականներին՝ ավագ իրավախորհրդատու։ 2017-2018 թվականներին՝ «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերությունում որպես իրավաբան, իսկ 2018-2019 թվականներին՝ նույն ընկերության ավագ իրավաբան։

Երիտասարդ փոխնախարարի քաղաքական կարերաին սկսվել է պատգամավորի մանդատ ստանալով, բայց ուշագրավն այն է, որ կենագրությունում որպես կարևոր ձեռքբերում Գրիգորյանը նշել է կլոր- սեղան քննարկմանը մասնակցելը։

Այսպես՝ Վիքիպեդիայում կարդում ենք, որ Գրիգորյանը 2015 թվականին Դիլիջանում մասնակցել է «Արբիտրաժի քննարկման կլոր սեղան», իսկ 2016 թվականին Երևանում «Արբիտրաժի օրեր Հայաստանում» Եվրոպական միության և Եվրոպական խորհուրդի համատեղ ծրագրերին։ Հիրավի կարևոր և պատմական իրադարձությունների մասնակից է եղել Գրիգորյանը և անշուշտ հենց այս հանգամանքն էլ կարևորագույն դեր է խաղացել նրա կարիերայում՝ ապահովելով սրընթաց առաջընթաց։

Irakanum.am