Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամեն օր տվյալներ է ստանում AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ, այս պահի դրությամբ կապ չի տեսնում այս դեղամիջոցի և թրոմբի առաջացման միջև, ճեպազրույցում ասել է ԱՀԿ կարգավորման և նախաորակավորման վարչության տնօրեն Ռոջերիո Պինտո դե Սա Գասպարը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) հաստատել է, որ AstraZeneca պատվաստանյութերի և թրոմբի առաջացման դեպքերի միջև կապ կա: Այս մասին Il Messaggero թերթին տված հարցազրույցում ասել է գործակալության առողջության սպառնալիքների և պատվաստումների ռազմավարության վարչության պետ Մարկո Կավալերին:

«Այժմ կան մի շարք կոմիտեներ և կարգավորող մարմիններ, որոնք ամեն օր նայում են տվյալներն ու նոր տվյալները և գնահատում են դրանք: Այսպիսով, այս պահին պատվաստանյութի և թրոմբոէմբոլիզմի դեպքերի միջև որևէ կապ չկա», – ասել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստան է ներկրվել COVID-19-ի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը։

«Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FASILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ:

Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FASILITY» նախաձեռնության շրջանակներում: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար:

Նկատենք, որ առողջապահության նախարարության գործադրած ջանքների շնորհիվ, բանակցությունների արդյունքում, հնարավոր եղավ պատվաստանյութի առաջին խմբաքանակը ստանալ նախանշված ժամկետներում: Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որը հնարավորություն է ստացել ձեռք բերել երկար սպասված պատվաստանյութը, երբ այսօր աշխարհում մի շարք երկրներ դեռևս պայքարում են այդ իրավունքի համար:

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստանյութի կիրառումը: Իսկ ներկրված պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում «AstraZeneca-ի կլինիկական փորձարկման 3-րդ փուլի վերաբերյալ վերջին հայտարարության (03/25/2021) համաձայն, պատվաստանյութն ապահովում է՝ ախտանշանային COVID-19-ի կանխարգելում` 76% արդյունավետություն, հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերի և հոսպիտալացման կանխարգելում՝ 100% արդյունավետություն, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում ախտանշանային COVID-19-ի կանխարգելում՝ 85% արդյունավետություն։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են բացառապես կամավորության սկզբունքով»,- ասված էր հայտարարության մեջ: