Քաղաքական հետապնդումների պատճառով Նիդերլանդներում բնակվող ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը, լավատեսորեն է տրամադրված ղարաբաղյան բանակցային գործընթացի հարցում։ Ինչպես հայտնում է Hetq.am-ը, Յունուսովը մասնակցում էր ղարաբաղյան հակամարտության թեմայով «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկմանը։

Բանակցությունները, ըստ Յունուսովի, այժմ ընթանում են մի քանի մակարդակներում։ Առաջինը գեոպոլիտիկ ձևաչափն է՝ Մինսկի խումբը, որը թեև իրեն սպառել է, սակայն չի վերացել։ Յունուսովը նշում է՝ կա այսբերգի երևացող մասը, և այն, ինչը թաքցված է տեսադաշտից։ Չնայած ինչքան էլ Ալիևը հայտարարում է, որ իրենց Մինսկի խումբը պետք չէ, երբ լրագրողները գնացել են, Յունուսովի խոսքով՝ խաղաղ մթնոլորտում քննարկվել է բանակցությունների հետագա ընթացքի մասին հարցերը

«Ալիևի բոլոր ասածները պետք չէ լուրջ ընդունել․ կան բաներ, որոնք ասվում են ներքին լսարանի համար։ Մինսկի խումբը ոչ մի տեղ չի անհետացել, ուղղակի կային այլ հանգամանքներ, օրինակ՝ պանդեմիան Եվրոպայում, Ամերիկայում՝ ընտրությունները։ Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն ակտիվացել է, և դա դեռ սկզիբն է»,- նշեց ադրբեջանցի իրավապաշտպանը։

Բանակցությունների երկրորդ ձևաչափը, Յունուսովի խոսքով, Մոսկվա-Երևան-Բաքուն է, այսինքն՝ բանակցությունները երեք երկրների մասնակցությամբ, որը ներկայում ամենաակտիվ ձևաչափն է, և այստեղ գլխավոր դերում Ռուսաստանն է։ Երրորդ ձևաչափը, որին ինչպես նշում է Արիֆ Յունուսով, ոչ ոք ուշադրություն չի դարձնում, անմիջական բանակցություններն են Երևանի և Բաքվի միջև․

«Ադրբեջանը 1994 թվականից հայտարարում է, որ այս հակամարտությունը Բաքվի և Երևանի միջև է, և հենց իրենք էլ պետք է լուծեն այս հարցը։ Իհարկե, կրկին Մինսկի խմբի շրջանակներում, բայց բանակցությունները պետք է ընթնանան միայն երկու երկրների միջև, և Ղարաբաղի իշխանությունների հետ որևէ բանակցություն Ադրբեջանը մշտապես բացառել է, բայց այս պատերազմից հետո ամբողջությամբ փոխվել է իրավիճակը, և հիմա կողմերը պետք է կամա թե ակամա լուծեն մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ»,- ասաց Յունուսովը՝ հայտնելով, որ իրականում հիմա գաղտնի հաղորդակցություն կա ադրբեջանական և ղարաբաղյան կողմերի միջև, և արդեն եղել է երկու հանդիպում, որի մասին պաշտոնապես չի հայտարարավել, այսինքն՝ որպես այդպիսին, կան բանակցություններ, կարծում է Յունուսովը՝ շեշտելով, որ չնայած այս ամենին, իրադարձությունների հետագա ընթացքը շատ անորոշ է։

«Մինչև պատերազմը բանակցությունները կրում էին իմիտացիոն բնույթ, իսկ հիմա իրավիճակն այլ է, նրանք ինտենսիվ բնույթ են կրում, գուցե շատ անհամաձայնություններով, սակայն հիմա կողմերը առարկայական հարցեր են քննարկում։ Հիմա որոշվում են սահմանային հարցեր։ Քննարկվում են կոմունիկացիաների հարցեր, կարելի է երկար վիճել, թե որ կողմին է դա ավելի ձեռնտու, բայց այդ բանակցությունները իրենք իրենցով արդեն իսկ շատ կարևոր են։ Եվ ես բանակցությունների գործընթացում դրական եմ համարում այն, որ ինչ-որ բան տեղից շարժվել է։ Սա դեռ սկզբնական փուլն է, մենք չենք կարող վստահորեն պնդել, որ թունելի վերջում լույս կա, և մենք կարող ենք խաղաղության համաձայնագրի տեսքով արդյունք տեսնել, սակայն որ գործընթացը սկսվել է, միաշնանակ է»,- նշեց Արիֆ Յունուսովը։