ԿԳՄՍ նախկին փոխնախարար Նարինե Խաչատուրյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ չի մասնակցելու որևէ ընտրության։ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավորը նշեց, որ միշտ ստացել է այս կամ այն կուսակցությանն անդամագրվելու հրավեր, սակայն երբեք կուսակցական չի եղել։ Նախկին փոխնախարարը նշեց, որ այդպիսի առաջարկներ ստացել է «Շամիրամ» կուսակցության ժամանակներից ի վեր։
Խաչատուրյանը նշեց, որ միայն 2018 թվականին է համաձայնել մասնակցել ընտրություններին, քանի որ հավատում էր, որ հնարավոր է փոխել իրավիճակն ու երկիրը տանել դրական փոփոխությունների ճանապարհով։
«Այնինչ, ոչ միայն իմ, այլև շատերիս հույսերը ոչ թե չարդարացան, այլ ջախջախվեցին։ Պատճառը երևի այն էր, որ խաբեությունը շատ զորավոր էր»,-ասաց Նարինե Խաչատուրյանը։
Մեր հարցադրմանը, թե խաբեությունը վերաբերում էր 2018 թվականի հեղափոխությանը, նա ասաց.«Այո»։

Մեր զրուցակիցը նշեց, որ շատ ծանր է տեսնել երկրի ողբերգական վիճակը. «Ես շատ ծանր եմ տեսնում, ողբերգական եմ տեսնում, գուցե անելանելի եմ տեսնում՝ չգիտեմ, երանի սխալվեմ։ Հիմա այս անկումային վիճակը կանգ չի առնի՝ հիմա ավելի կխորանա, ցավոք սրտի»։
Նա նշեց, որ հանգուցալուոծում չի տեսնում ու չի հավատում, որ անկումային այս վայրէջքը որևէ ձև կանգ կառնի։
Խնդրեցինք պարզաբանել, թե իր հրաժարականը որքանո՞վ էր փոխկապակցված այն հայտնի միջադեպի հետ, երբ մի կին ամոթանք էր տվել նրան Հայաստանը հանձնած քաղաքական ուժի անդամը լինելու համար, Խաչատուրյանը պատասխանեց. «Ոչ, ոչ՝ դա պատահականության արդյունք էր, համընկավ այդ օրը։ Ես այդ օրը առավոտյան արդեն այդ հարցը վերջացրել էի նախարարի հետ, մի խոսքով դա ուղղակի համընկավ։ Իմ հրաժարականի մասին դեռևս նոյեմբերի կեսերին եմ ասել, մեր ներսում համաժողով եղավ, ես ասացի, ուղղակի որոշ գործեր կային Արցախի հետ կապված հուշարձանների մասով։ Ես պիտի գնայի-գայի, գնայի-գայի մի երկու անգամ գնացի եկա, մենք ահագին բաներ կարողացանք էվակուացնել, դա ավարտեցի և ինչպես և խոստացել էի դուրս եկա»,-պարզաբանեց Խաչատուրյանը։
Մեր հարցին, թե արդյոք իր հրաժարականի պատճառը պատերազմի ընթացքում և հետո տեղի ունեցող իրադարձություններին էին՝ նա ասաց.«Այո»։
Հայկա Ալոյան