Դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությունն ընդդեմ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի։

Այսօրվա նիստին Մանուկյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարանից ժամանակ խնդրեց` ներկայացված եւ դատարանի կողմից թույլատրված ապացույցին ծանոթանալու համար։ Ռ.Քոչարյանի ներկայացուցիչն էլ առարկեց` նշելով, որ գործը շատ վաղուց է քննվում, արձանագրվել է Ռ.Քոչարյանի` ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտում, այդ իսկ պատճառով միջնորդությունը ենթակա է մերժման։
Դատարանն ի վերջո որոշեց միջնորդությունը մերժել։

Այնուհետեւ լեզվակռիվ սկսվեց Եգորյանի եւ նախագահողի միջեւ. Եգորյանն ուզում էր դիրքորոշում հայտնել ապացույցների վերաբերյալ, դատավորն էլ հնարավորություն չէր տալիս` նշելով, որ դեռեւս այդ փուլում չեն։

Ներկայացուցիչը դատարանի պահվածքը կողմնակալ որակեց։

Եգորյանն անցավ հաջորդ միջնորդությանը. նա դատարանից ժամանակ խնդրեց ապացույցներ ներկայացնելու համար, հայցվոր կողմը առարկեց միջնորդության վերաբերյալ, դատարանն էլ նշեց, որ ապացույց ներկայացնելու ժամկետները սպառվել են` ըստ այդմ մերժելով նաեւ այս միջնորդությունը։

Նշենք, որ Եգորյանի` միջնորդությունների ներկայացման ընթացքում նախագահող դատավոր Լիլիթ Սարգսյանը ակնհայտորեն նյարդայնացած էր, պարբերաբար լեզվակռիվները շարունակվում էին։

ՀԱԿ անդամի ներկայացուցչի վերջին միջնորդությունը նիստը հետաձգելու վերաբերյալ էր, որպեսզի ժամանակ ունենան նախագահողին ինքնաբացարկ ներկայացնելու։

Հայցվորի ներկայացուցիչը այս անգամ էլ առարկեց միջնորդության դեմ, սակայն դատավորն այն բավարարեց` հաջորդ դատական նիստը նշանակելով ապրիլի 22֊ին։

Հիշեցնենք` Ռ. Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում էր ներկայացրել՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին: