Սոցիալական աջակցությունից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթերի ներկայացման ժամկետային սահմանափակում պարունակող ծրագրերը պետք է զերծ լինեն տեխնիկական խոչընդոտների կամ օբյեկտիվ այլ պատճառներով ժամկետը բաց թողնելու դեպքում ծրագրից դուրս թողնելու մոտեցումներից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Նման յուրաքանչյուր դեպքում պետական մարմինները պետք է ապահովեն ժամկետը բաց թողնելը հարգելի ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավական հնարավորություն և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն այդ իրավունքի պատշաճ իրացման համար:

Տվյալների բազաների անբավարարությունը չպետք է պատճառ հանդիսանա շահառուների դիմումները և սոցիալական աջակցություն տրամադրելը մերժելու համար, յուրաքանչյուր անհատական դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն առկա խնդիրները պարզելու և դրանք վերացնելու ուղղությամբ:

Պետք է ներդրվի հետադարձ կապի գործուն մեխանիզմ, որը կապահովի անճշտությունները սեղմ ժամկետներում շտկելու հնարավորություն:

Պետք է արդյունավետ աշխատանք տարվի սոցիալական ծրագրերի մատչելիությունը ապահովելու, դրանց նպատակները, շահառուների շրջանակը որոշելու եղանակները, ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ վարքագիծը հանրայնացնելու ուղղությամբ՝ ոչ բավարար իրազեկվածության պատճառով ծրագրի լրիվությունը խախտելու դեպքերը բացառելու համար:

Տեղահանված բնակչությանը տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերը իրենց հիմքում պետք է կրեն արդարության և հավասարության տարրերը, լինեն միմյանց հավասարակշռող և յուրաքանչյուր ծրագրի շահառուի շահերը կլանող՝ բացառելով խտրականության որևէ դրսևորում»: