Ապրիլի 4-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան մոտ կրակոցներ են հնչում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Առաքելյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի պետ Ժաննա Շահնազարյանը:

Արդեն ժամանած ոստիկանները «Ռոյալ» խաղատան ավտոկայանատեղիում հայտնաբերել են Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին, շարժիչի ծածկոցն ու առջևի թափարգելը եղել են վնասված վիճակում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ չկրակված որսորդական փամփուշտ, 1 հատ որսորդական փամփուշտի միջի պոլիէթիլենային միջնադիր (պիժ):

Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները նշված միջադեպին՝ որպես կասկածյալ մասնակից, որոնում են Հանրապետության քաղաքապետերից մեկին: