Sputnik Արմենիան պաշտպանության եւ առողջապահության նախարարություններ հարցումներ էր ուղարկել հասկանալու համար, թե զոհվածների եւ դատաբժշկական փորձաքննության անձանծ դիերի ու մասունքների թվային ինչ տվյալներ կան։

Ներկայացվում են պատասխանները։

Մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ։ Ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման` տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին Արագածոտնի մարզում հայտնել էր, որ պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3250 է։ Ավելին, նրա խոսքով` 189 ծնող ԴՆԹ նմուշ են հանձնել եւ սպասում են պատասխանի։ Ստացվում է` Փաշինյանը 11 օր շուտ 201–ով շատ էր ասել զոհերի թիվը։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հստակեցնում են` 3049 թիվը վերաբերում է եւ՛ զինծառայողներին, եւ՛ մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցած քաղաքացիական անձանց։

Առողջապահության նախարարություն նույնպես հարցում էին ուղարկել` հետաքրքրվելով դատաբժշկական փորձաքննությունների ընթացքի մասին։ Ի պատասխան տրամադրել են մարտի 31-ի դրությամբ եղած տվյալները։

«Մարտի 31-ի դրությամբ կատարվել է 3723 դիակի եւ մասունքի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն օրվա դրությամբ առկա է 238 մարմնի եւ մասունքի փորձանմուշ, որոնք պետք է անցնեն հետազոտություններ»,–նշված է լրատվամիջոցի ուղղված գրության մեջ։

Սա, սակայն, չի նշանակում, որ այդ օրվա դրությամբ 3723 զոհ կա, քանի որ կան կրկնակի հետազոտության դեպքեր, ինչպես նաեւ հետազոտությունից հետո կարող է պարզվել, որ 1-2 մասունքները նույն անձին են պատկանում։

Բացի այդ, առողջապահության նախարարությունից հայտնում են նաեւ, որ մարտի 31-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննություններով նույնականացվել է 2302 զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմին եւ մասունք: Սա նույնպես չի նշանակում, որ այդքան անձի ինքնություն է նույնականացվել նույն սկզբունքով. մի քանի մասունք կարող են նույն անձինը լինել։

Կան նաեւ մի շարք դեպքեր, երբ զոհվածի դին միայն դատաբժշկական փորձաքննության է ենթարկվում, իսկ ԴՆԹ հետազոտումից ծնողները հրաժարվում են, քանի որ ակնհայտորեն ճանաչում են իրենց հարազատին։

Հավելենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` հայկական կողմի զոհերի թիվը 4000–ի է հասնում։