Իմ նկատմամբ հարուցված այդ քրեական գործը պարզապես հիմարություն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

Նշենք, որ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով քրեական գործ է հարուցել Շուշիի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանի կողմից՝ պետական աջակցության շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններով թվով 7 քաղաքացիների տվյալներ ներառելու դեպքի կապակցությամբ:

Քաղաքապետը շեշտեց, որ անգամ չգիտի, թե ովքեր են այդ 7 քաղաքացին. «Մարդիկ գալիս են 300 հազար դրամի համար, իրենց գերեզմաններով անգամ երդվում են, որ ապրել են Շուշիում։ Մենք այդքանը գտնում ենք, հետաքրքրվում ենք, փնտրում ենք, նոր շահառու ենք դարձնում։ Ես անգամ չգիտեմ՝ այդ 7 հոգին ովքեր են։ Ենթակառուցվածքների նախարարությունն է անգամ ասում, որ Շուշիի պես մաքուր գործ չի եղել։ Ես հանձնաժողով եմ կազմել, նիստեր եմ արել, դպրոցի տնօրեններին եմ կանչել, մանկապարտեզների դաստիարակներին եմ կանչել, քննարկումներ ենք ունեցել»։

Սարգսյանն ասաց, որ իրեն հարցաքննության չեն հրավիրել. «Առանց իմ դիրքորոշումը լսելու նման հաղորդագրություն են տարածել։ Այդ հայտարարությամբ իմ մաքուր գործն արատավորում են։ Դատախազությունը չի ասում, որ Արծվիկ Սարգսյանը միայնակ գնացել է՝ ադրբեջանցիների դեմն է փակել, որ Շուշի չմտնեն։ Պատերազմի ժամանակ այդ դատախազությունը պադվալներում էր։ Նրանք ինձնից պիտի ներողություն խնդրեն, իմ պատվի հետ են խաղում»։

Շուշիի քաղաքապետի դիտարկմամբ՝ այդ քրեական գործը հարուցվել է նաև իր քաղաքական դիրքորոշումների համար. «Ինձ ասել են, որ դու շատ ես խոսում դրանից… ասում եմ՝ բայց ես վատ բան եմ ասո՞ւմ, ես սխալ եմ ասո՞ւմ։ Տուն ու տեղ եմ թողել, եղբայր եմ կորցրել, անգամ մնալու տեղ չունեմ։ Ստի համար չեմ գալու ինչ-որ մեկի դեմը խոնարհվեմ»։