Վերջին տարիներին ՀՀ իշխանությունը բանակցային գործընթացը հասցրեց փակուղի: Այս մասին այսօր ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում, խոսելով Արցախի մասին, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Իսկ այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսվում է պատերազմը»,- ասել է Քոչարյանը` հավելելով, որ ՀՀ նոր իշխանությունը բանակցային գործընթացը սկսեց զրոյական կետից, հետո պահանջեց Արցախի մասնակցությունը բանակցություններին, ապա հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ»: Այս ամենի հետևանքով, ըստ Քոչարյանի, ձևավորվեց տեսակետ, որ հայկական կողմը հեռանում է բանակցային գործընթացից:

Ըստ նրա՝ պատերազմից առաջ առկա բանակցային գործընթացը ենթադրում էր հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների զիջում՝ ԼՂ կարգավիճակի դիմաց:

«Մեր վերահսկողության տակ եղած տարածքների փոխանակում ԼՂ կարգավիճակի հետ: Սա այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներն են,- ասել է Քոչարյանը:– Կա նախկին ԼՂԻՄ տարածք և Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջաններ։ Դրանք ընդգրկված էին ԼՂՀ կազմում, սակայն դրանք նույնպես ընկալվում էին որպես բուֆերային գոտի։ Ենթադրվում էր, որ դա այն թեման է, որի շուրջ կարելի էր բանակցել կարգավիճակի շուրջ»։

Ադրադառնալով Արցախի լիակատար կորստի հնարավորությանը՝ Քոչարյանն ասել է, որ եթե չլիներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ միջամտությունը, ապա նման ելքը միանգամայն հավանական կլիներ: