ՀՀ ԱԺ որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանը մարտի 16-ին հայտարարել էր, թե  Ինտերպոլը հրաժարվել է միջազգային հետախուզում սկսել Հայաստանի նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ, քանի որ նրա նկատմամբ հարուցված գործը քաղաքական է հետապնդում է համարել։

Թովմասյանի հայտարարությունից հետո «Ա1+»-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ոստիկանություն ճշտելու՝ արդյո՞ք միջազգային քրեական ոստիկանությունը (Ինտերպոլը) հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ՝ համարելով, որ վերջինս Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում ենթարկվում է քաղաքական հետապնդման, և արդյո՞ք Գևորգ Կոստանյանի վերաբերյալ տեղեկությունը դեռևս 2020 թվականի ապրիլի չորսին Ինտերպոլի տվյալների բազայից հանվել է, ինչպես պնդում է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյից, հղում կատարելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ  օրենքներին, հրաժարվել են պատասխանել մեր հարցերին։

Հիշեցնենք պատգամավորի դիտարկումներին անդրադարձել էր նաև ՀՀ գլխավոր դատախազությունը և հայտնել, որ Ինտերպոլը քրեական արդարադատության պատասխանատու կառույց չէ և Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի մեջբերմամբ նկարագրված գործի «քաղաքական հետապնդում» որակումն ակնհայտ ոչ իրավաչափ, անհիմն և խիստ սուբյեկտիվ է, իսկ Գ. Կոստանյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է:

Հիշեցնենք՝ Կոստանյանն անցնում է Մարտի 1-ի իրադարձությունների գործով, մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածով։ Իրեն առաջադրված մեղադրանքը Կոստանյանը անհիմն է համարում։