Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ ամուսնության պետական գրանցման արարողությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում անցկացնելու հնարավորություն է ստեղծվել։

ՀՀ արդարադատության նախարարությունից  հայտնում են, որ ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:

Ամուսնության հանդիսավոր գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք:

Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ ( Վազգեն Սարգսյան 3)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն եւ 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։

Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ղեկավարության հետ արդյունավետ համագործակցության արդյունքում։